19/11/2022 19:52
«Ռոսատոմը» Եգիպտոսում սկսել է Էլ Դաբաա ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շինարարությունը
Այսօր մեկնարկել է Եգիպտոսում առաջին՝ Էլ Դաբաա ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շինարարությունը, որն իրականացվում է Ռուսաստանի մասնակցությամբ, «Ռիա Նովոստի»-ին հայտնել են «Ռոսատոմի» մամուլի ծառայությունից։
Ապագա էներգաբլոկի տեղում՝ շինհրապարակում, տեղի է ունեցել հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը՝ խորհրդանշող էներգաբլոկի շինարարության փաստացի մեկնարկը։
Ըստ «Ռոսատոմի» հաղորդագրության, արարողությանը մասնակցել են Եգիպտոսի էլեկտրաէներգիայի և վերականգնվող էներգիայի նախարար Մուհամեդ Շաքերը, ատոմային էլեկտրակայանների վարչության նախագահ Ամհադ էլ-Վաքիլը, «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը, այլ պաշտոնատար անձինք։
«Ատոմակայանի գործարկումը վճռորոշ դեր կխաղա Եգիպտոսի սոցիալ-տնտեսական և տեխնոլոգիական կյանքում, կխթանի երկրի արդյունաբերության և տնտեսության աստիճանական անցմանը՝ ցածր ածխածնային աղբյուրներին, ամուր հիմք կստեղծի առաջիկա տասնամյակներում Եգիպտոսի կայուն զարգացման համար»,- միջոցառման ժամանակ հայտարարել է Ալեքսեյ Լիխաչովը։
Նշենք, որ «Էլ-Դաբա»-ն կդառնա աֆրիկյան մայրցամաքի առաջին ատոմակայանը՝ կառուցված ռուսական տեխնոլոգիայով։ Այն համարվում է ռուս-եգիպտական համագործակցության ամենամեծ նախագիծը՝ Ասուանի ամբարտակի կառուցումից ի վեր։