19/11/2022 17:15
«Եվրոպացիներն առաջիկա 3 հազար տարում պետք է ներողություն խնդրեն նրա համար, ինչն արել են նախորդ 3 հազար տարվա ընթացքում»․ ՖԻՖԱ-ի նախագահը հորդորել է բարոյականության դասեր չտալ Քաթարին
Եվրոպացիներն առաջիկա երեք հազար տարում պետք է ներողություն խնդրեն այն ամենի համար, ինչը նրանք արել են նախորդ երեք հազար տարվա ընթացքում, լրագրողների հետ զրույցում ասել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջաննի Ինֆանտինոն՝ արձագանքելով իրավապաշտպան կազմակերպություններին, որոնք կասկածի տակ են դրել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Քաթարում անցկացնելու նպատակահարմարությունը։
Առաջնության նախապատրաստական աշխատանքների ամբողջ ընթացքում միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները Քաթարի իշխանություններին մեղադրել են երկրում աշխատանքային միգրանտների, կանանց ու սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում վարած քաղաքականության համար։
«Կարծում եմ, որ մարդկանց բարոյականության դասեր տալուց առաջ մենք՝ եվրոպացիներս, առաջիկա երեք հազար տարում պետք է ներողություն խնդրենք այն ամենի համար, ինչն ամբողջ աշխարհում արել ենք նախորդ երեք հազար տարվա ընթացքում։ Մենք պետք է ինքներս մեզ հարց տանք՝ ո՞ւր է գլորվում աշխարհը։ Աշխարհում մեկ միլիարդից ավելի հաշմանդամ կա, և դա ոչ ոքի չի հետաքրքրում»,- ասել է Ինֆանտինոն։
ՖԻՖԱ-ի նախագահը հավելել է, որ Քաթարին քննադատելուց առաջ պետք է հանդուրժողականության օրինակ ծառայել, ապա միասին աշխատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։
Նշենք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Քաթարում մեկնարկելու է նոյեմբերի 20-ին և շարունակվելու է մինչև դեկտեմբերի 18-ը։