19/11/2022 15:24
Հպարտ եմ, որ մեր եռագույնը ծածանվեց առաջին հարթակից․ Հայ պատանիները՝ ձյուդոյի Եվրոպայի բաց առաջնությանը
Լևոն Հայրապետյանի անվան սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաները, նոյեմբերի 12-ին մասնակցելով Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած Եվրոպայի բաց առաջնությանը՝ նվիրված ձյուդո մարզաձևի հիմնադիր Ջիգորո Կանոյին, զբաղեցրել են պատվավոր առաջին տեղերը։
Մարզիչներ Հակոբ Առաքելյանի, Գևորգ Խիթարյանի, Էրիկ Խիթարյանի և Մխիթար Խաչատրյանի ջանքերի շնորհիվ, պատանիները կարողացել են լավագույնս դրսևորել իրենց ունակություններն ու յոթ առաջին և երեք երրորդ տեղերը զբաղեցնելով վերադառնալ հայրենիք։
Առաջին տեղերը զբաղեցրած մարզիկներն են՝ Գալստյան Դավիթը, Բախբուդարյան Անրին, Ամատունի Գագիկը, Ղարիբյան Աշոտը, Սարգսյան Ռուբենը, Շարոյան Էրիկը և Արզոյան Ավետիքը։ Երրորդ տեղերը զբաղեցրին Բաղդասարյան Միքայելը, Աֆանդյան Էդուարդը և Շահնազարյան Նարեկը, ովքեր նույնպես աչքի ընկան իրենց կատարողական արվեստով և պատրաստվածությամբ։
Առաջին տեղը զբաղեցրած Ամատունի Գագիկը Aysor.am-ին պատմեց իր զգացողությունների և հաղթանակի մասին․
«Մրցումներից առաջ մի փոքր լարված էի, քանի որ շատ պատասխանատու էր Հայաստանից դուրս ներկայանալը։ Իսկ հաղթանակից հետո շատ հպարտ եմ, որ մեր եռագույնը ծածանվեց՝ այն էլ առաջին պատվավոր հարթակից», - ասաց մարզիկը։
Պատանի մարզիկի խոսքով, իրենց Վարշավայում շատ ջերմ դիմավորեցին, ինչի շնորհիվ կոտրվեց լարվածությունն ու ընկերացան այլ մասնակիցների հետ։