21/11/2022 19:45
Ինչ խնդիրներ կարող է առաջացնել ներաճած եղունգը․ Կանխարգելման խորհուրդներ պոդոլոգից
Բոլոր ժամանակներում առողջական և էսթետիկ խնդիր համարվող ներաճած եղունգները խանգարել են մարդկանց կյանքի բնականոն ռիթմին՝ ցավ և անհարմարություն պատճառելով։
Խնդրի շուրջ Aysor.am-ը զրուցել է պոդոլոգ Սիրանուշ Գեղամյանի հետ՝ հասկանալու խնդրի առաջացման պատճառներն ու բուժման եղանակները․
«Ներաճած եղունգը եղունգների ափսեի ներաճումն է կողային եղունգի մեջ՝ մեկ կամ երկու կողմերից: Խնդրին առավել հաճախ առնչվում են կանայք, սակայն ուշացած բուժման պատճառով տղամարդկանց մոտ ևս այն կարող է ուղեկցվել բարդություններով և տհաճ, ցավոտ դրսևորումներով», - ասաց մասնագետը։
Եղունգը հիմնականում ներաճում է հետևյալ պատճառներով՝
- մատնահարդարման ժամանակ եղունգների թիթեղների սխալ մշակում (եղունգի անկյունները կտրելը),
- նեղ կոշիկները (հատկապես բարձրակրունկներ),
- ոտնաթաթի և մատների դեֆորմացիաներ (հարթաթաթություն և այլն),
- ժառանգական նախատրամադրվածություն (եղունգների ափսեի և կողային գագաթների կառուցվածքի անհատական առանձնահատկություններ, եղունգների ներքին ծալքի բնածին հիպերտրոֆիա, եղունգների ափսեի երկայնական առանցքի կորություն)։
Սիրանուշ Գեղամյանը նշեց նաև մի շարք այլ պատճառներ, որոնք առաջին հայացքից կարող են կապ չունենալ խնդրի առաջացման հետ, սակայն հենց այդ գործոններով է պայմանավորված ներաճի բարդությունն ու խորացումը․
- վնասվածքներ,
- արթրիտ,
- հղիություն,
- քաշի տատանումներ,
- արյան շրջանառության խանգարումներ (հիվանդություններ, որոնք ուղեկցվում են երակային լճացումով և ոտքերի այտուցով),
- շաքարային դիաբետ,
- եղունգների սնկային հիվանդություններ,
- կլինիկական դրսևորումներ։
«Եղունգների ներաճի ախտանշանները իրենց զգացնել են տալիս հենց սկզբից։ Առաջանում է անհարմարություն և ճնշման զգացում, իսկ հետո՝ կողային ակրի շրջանում ցավ, այտուց և կարմրություն։ Ներաճի պատճառի վերացման համար համապատասխան միջոցների բացակայության դեպքում առաջանում է բակտերիալ վարակ՝ ուղեկցվելով թարախային արտանետմամբ, ավելանում է այտուցը և բորբոքումը, իսկ ցավը գնալով սրվում է», - ասաց պոդոլոգը։
Խնդիրը հատկապես վտանգավոր է շաքարային դիաբետով հիվանդների մոտ՝ թարախային բարդությունների առաջացման մեծ ռիսկի պատճառով։
Բժշկի խոսքով, բուժումը բարդ չէ, եթե հիվանդը մասնագետին դիմել է ժամանակին և այն գտնվում է սկզբնական փուլում։ Բժիշկին ժամանակին այցելելու և բուժվելու դեպքում խնդիրը հնարավոր է լուծել առանց վիրաբուժական միջամտության։
«Այս դեպքերի մեծ մասում նշանակվում է կոնսերվատիվ տեղային հակաբորբոքային և հակաբակտերիալ թերապիա, ապարատային բժշկական պեդիկյուրի ժամանակ մասնագետի կողմից եղունգների թիթեղի աճին պատճառած խնդրի վերացում։ Կոնսերվատիվ թերապիայի անարդյունավետության, թարախային բարդությունների դեպքում անհրաժեշտ է ներաճած եղունգի լազերային շտկում կամ վիրաբուժական միջամտություն», - ասաց մասնագետը։
Ներաճած եղունգի բուժումը վիրահատական լազերով կատարվում է տեղային անզգայացման պայմաններում, իսկ պրոցեդուրան իրականացվում է կարճ ժամկետներում։
Ներկայում ներաճած եղունգի բուժման համար կան բազմաթիվ վիրաբուժական վիրահատություններ, սակայն, ցավոք, դրանցից ոչ մեկը չի կարող մշտական բուժում երաշխավորել նույնիսկ բարձր որակավորում ունեցող վիրաբույժի դեպքում: Հնարավոր է, որ ապագայում ներաճած եղունգների խնդիրը կրկնվի: Դա պայմանավորված է եղունգների աճի գոտու ամբողջական հեռացման անհնարինությամբ և ամիսներ անց եղունգների ափսեի մի հատվածի վերաճմամբ, իսկ երբեմն՝ հետվիրահատական շրջանում եղունգների ափսեի դեֆորմացիաներով։
Այսպիսով, ներաճած եղունգների բուժման ժամանակ անհրաժեշտ է կանոնավոր այցելություններ։ Պոդոլոգը կմշակի եղունգների թիթեղները՝ ընտրելով անհրաժեշտ բժշկական և կոսմետիկ միջամտություն:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։