22/11/2022 15:53
«Մա՛մ, պա՛պ, խնդրում եմ՝ երեխա ունեցեք». ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Վահե Կարապետյանի եղբայրը` Վանը (Տեսանյութ)
«Մա՛մ, պա՛պ, մեր համար երեխա ունեցեք». մայրիկին ու հայրիկին այս խոսքերն է միշտ ասել մեր գործընկերը՝ օպերատոր Վահե Կարապետյանը, երբ բանակում էր ու երբ վերադարձել էր բանակից։
44-օրյա պատերազմի ժամանակ, որպես կամավոր, Վահեն, թողնելով աշխատանքը, մեկնեց Արցախ։ Մասնակցել է Մատաղիսի, ապա Շուշիի մարտերին, նոյեմբերի 6-ին Շուշիում ծանր վիրավորում է ստացել, վիրահատվել ու տեղափոխվել Երևանի հիվանդանոցներից մեկը, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտից մի քանի ժամ առաջ։
2020 թվականի այս օրերին Կարապետյանների տանը սուգ էր, այսօր ճիշտ հակառակն է. ծնողները կատարել են Վահեի ցանկությունը. լույս աշխարհ է եկել Վահե Կարապետյանի եղբայրը՝ Վանը։
Երեխան ծնվել է 2 կգ 470 գրամ քաշով , 46 սմ հասակով։
Մայրը՝ Անահիտ Մկրտչյանը, երջանիկ է. կատարել է Վահեի ամենակարևոր նպատակը։
«Ասում էր` մամ՛, պա՛պ, բանակից հետ գամ ու տեսնեմ նորությունն անկողնում պառկած է։ Չէր ասում՝ աղջիկ կամ տղա։ Բանակից եկավ, էլի նույն բառերն էր կրկնում՝ «ինչ կլինի, խնդրում եմ, մեր համար երեխա ունեցեք»...», - պատմում է տիկին Անահիտը։
«Այսօր երջանիկ գրկում եմ իմ բալիկին, հպարտ եմ, որ ինքը Վահեի եղբայրն է, կարծում եմ՝ ինքն էլ, որ մեծանա, հպարտ կլինի, որ Վահե անունով ախպեր է ունեցել», - ասում է տիկին Անահիտը։
Վահե Կարապետյանը մասնագիտությամբ դեղագործ էր, ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո աշխատում էր News.am-ում՝ որպես օպերատոր, մոնտաժող։