22/11/2022 12:37
Եթե Փաշինյանն ընդունում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում է լինելու, Ադրբեջանի շահերն Ալիեւից ավելի «փաստարկված» է պաշտպանում, ինչու՞ ՀԱՊԿ-ը կամ ԵԱՀԿ-ն պետք է մեր շահերը պաշտպանեն․ Շարմազանով
Երբ երկիրը ղեկավար ուներ, ՀԱՊԿ-ը շատ հստակ էլ հայանպաստ դիրքորոշում էր հայտնում, գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նա ընդգծելով, որ առաջիկայում Երեւանում տեղի է ունենալու ՀԱՊԿ գագաթաժողովը՝ ավելացրել է․«Հարց է առաջանում՝ ՀԱՊԿ-ը հայանպաստ դիրքորոշում կհայտնի՞, թե՞ ոչ։ Ասեմ, որ շատ բան կախված է ՀՀ «իշխանությունից»։ Եթե Փաշինյանն ինքն էլ ընդունում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում է լինելու, Շուշին ու Հադրութն օկուպացված չի համարում, ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացումից չի խոսում, Ադրբեջանի շահերն Ալիեւից ավելի «փաստարկված» է պաշտպանում, ինչու՞ ՀԱՊԿ-ը կամ ԵԱՀԿ-ն պետք է մեր շահերը պաշտպանեն։
Իսկ նույն ՀԱՊԿ-ը 2016-ի հոկտեմբերի 14-ին կազմակերպության անդամ պետությունների նախագահների գագաթաժողովում Երեւանում ընդունեց հայանպաստ փաստաթուղթ, որտեղ եւ՛ ազգերի ինքնորոշման իրավունքի, եւ՛ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի օրակարգերին էր հղում արվում։ Այդ փաստաթուղթը ստորագրեցին ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները։ Ստորագրեցին, քանի որ ՀՀ-ն Սերժ Սարգսյանի նման պետականամետ նախագահ ուներ։
Տեսնենք՝ Փաշինյանի օրոք նույն ՀԱՊԿ երկրների նախագահներն ի՞նչ հայտարարություն կընդունեն։ Արդյունքներով են գնահատում ղեկավարներին, այլ ոչ «զավզակությամբ»»։