22/11/2022 19:53
Հնդկաստանում չեղարկել են կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները
Հնդկաստանը չեղարկել է կորոնավիրուսային սահմանափակումները։ Նոյեմբերի 22-ից երկիր ժամանողներին ձևաթուղթ լրացնելու, պատվաստման կամ կորոնավիրուսով վարակված չլինելու մասին հավաստագիր ներկայացնելու պահանջ չի ներկայացվելու, հայտարարել է Հնդկաստանի առողջապահության նախարարությունը։
Գերատեսչությունն, այնուամենայնիվ, Հնդկաստան ժամանողներին հորդորել է նախապես պատվաստվել, իսկ ինքնաթիռով ուղևորվելիս՝ կրել դիմակ ու պահպանել սոցիալական հեռավորություն։
Նշվում է նաև, որր COVID-19-ի ախտանիշներ ունեցող ուղևորները պետք է առանձնացվեն, իսկ թռիչքի ավարտից հետո մեկուսացվեն՝ բուժում ստանալու համար։ Երկիր ժամանողների ջերմությունը չափելու են։
Հնդկաստանի առողջապահության նախարարությունն զբոսաշրջիկներին հորդորել է ինքնուրույն հետևել սեփական առողջությանը, իսկ անհանգստացնող ախտանշանների դեպքում դիմել մոտակա բժշկական հաստատություն։