22/11/2022 18:38
«44-ի տղերքը» գիրքը պատերազմի մասնակիցների հայացքով հիշեցնում է՝ «Խաղաղություն պիտի ըլլա միայն մեր հաղթանակով»
Ռազմական լրագրող Դավիթ Թորոսյանի՝ 44-օրյա պատերազմի օրերին հեղինակած լուսանկարները շատուշատ ընտանիքների օգնել են գտնել իրենց զավակներին։ Հայրենիքի համար զինվորագրվածների լուսանկաները հաստափոր գրքում ներկայացնելու Դավիթ Թորոսյանի գաղափարը հատկապես հասունացել է խորհրդանշական երազներից հետո։
«Պատերազմից հետո երազումս զինվորական համազգեստով մարդկանց էի տեսնում, որոնց չէի ճանաչում։ Մի օր թվաց, թե երազումս տեսած տղերքից մեկի դեմքը ծանոթ է, բացեցի հեղինակածս ֆոտոարխիվը ու փորձեցի գտնել, գտա»։
Ընթերցողը գրքում կգտնի 705 լուսանկար, 44 տեսանյութ, որոնք կարելի է դիտել QR կոդի սքանավորմամբ, ինչպես նաև լրագրողի անձնական պատմությունները, հիշողությունները։ Լուսանկարներում գրեթե բոլորը ժպտում են, ռազմի դաշտում ժպտացող որոշ տղաներ, ցավոք, չվերադարձան։
«Գիրքն ինձ համար թանկ է հատկապես, որովհետև տղաներ կան, որոնց վերջին անգամ ես եմ լուսանկարել, պատերազմի օրերին հեղինակածս լուսանկարները միակն են, կան տղաներ, որոնց շիրմաքարերի լուսանկարներն իմ հեղինակածն են։ Գիրքը շնորհակալություն է ինչպես այդ տղաներին, այնպես էլ ապրողներին, որոնց, ցավոք, քչերն են ճանաչում»։
Հեղինակն ասում է՝ չկա զինծառայող, որին պատերազմի օրերին լուսանկարել են և որից գոնե մեկ լուսանկար գրքում տեղ գտած չլինի, ընթերցողը, եթե գրքում հանդիպի թանձր մթին արված լուսանկար, կկռահի, որ հրապարակվել է, որովհետև տվյալ մարդու միակ լուսանկարն է։ Գրքում ներկայացված լուսանկարների հերոսները հիմնականում հյուսիսային, հյուսիս-արևելյան ուղղությամբ մարտնչած, թշնամուն մեծաթիվ կորուստներ պատճառած տղաներն են։
Գրքի շապիկին նշված է պատերազմի սկսման ամսաթիվը, բայց ավարտինը գրված չէ. հեղինակը մեկնաբանում է՝ պատերազմը սկսվեց ու դեռ չի ավարտվել։ Բոլոր նրանք, որոնք գիրքը թերթելիս կնայեն պատերազմի մասնակից մարդկանց աչքերին, կլցվեն վճռականությամբ, որ պետք է վերանայել արժեքները, ապրելու կերպը. գիրքը նաև այդ առաքելության համար է և նաև պատերազմին մասնակցած տղաների հայացքով հիշեցնելու՝ «Խաղաղություն պիտի ըլլա միայն մեր հաղթանակով»։
«44-ի տղերքը» գիրքը հասնելի է երևանյան, մարզային գրախանութներում։