22/11/2022 10:12
«Հրապարակ». ՔՊ-ի Սևանի տարածքային կառույցի նախագահ Արթուր Լալազարյանը ջանում է քրոջը «Սևան» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն կարգել
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր առաջ «Սևան» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Դավիթ Կարապետյանն ազատվել է պաշտոնից և այլ աշխատանքի անցել առողջապահության նախարարությունում: Փորձեցինք Կարապետյանից ճշտել, թե նախարարությունում ինչ պաշտոն է զբաղեցնում, նա չպատասխանեց․ «Ձեր բոլոր հարցերն ուղղեք նախարարությանը»: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանին հարցրինք, թե ով է նշանակվել «Սևան» հոգեկան առողջության կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար, և երբ տեղի կունենա տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը։ «Հարցերը գրավոր ուղարկեք»,- եղավ ստանդարտ պատասխանը:
Մենք մեր աղբյուրներից տեղեկացանք, որ «Սևան» հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկ Հարություն Դավթյանին: Առաջիկայում կկայանա մրցույթ՝ տնօրենի թափուր պաշտոնի համար: Մեզ հասած լուրերով՝ ՔՊ-ի Սևանի տարածքային կառույցի նախագահ Արթուր Լալազարյանը ջանում է քրոջը, ով տվյալ կենտրոնում աշխատում է որպես գլխավոր հաշվապահ, կենտրոնի տնօրեն կարգել:
Ի դեպ, Սևանում խոսում են, որ մյուս քրոջն էլ՝ Գայանե Լալազարյանին, վերջերս աշխատանքի է ընդունել մարզպետարանի կրթության վարչությունում՝ որպես Սևանի տարածքի պատասխանատու։ Կապ հաստատեցինք «Սևան» հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հարություն Դավթյանի հետ: Հետաքրքրվեցինք՝ կմասնակցի՞ տնօրենի թափուր պաշտոնի համար կայանալիք մրցույթին։ «Ես չեմ կարող ասել, թե դա երբ կհայտարարվի, ճշտեք նախարարության հետ, իսկ մրցույթին, իհարկե, մասնակցելու եմ»: «Սևան» կենտրոնի հաշվապահը ե՞ւս կմասնակցի մրցույթին։ «Ես առաջին անգամ եմ լսում այն, ինչն ասացիք: Ես հանրապետական ԲԿ-ից եմ եկել, դեռ նոր ծանոթանում եմ անձնակազմի հետ»»։