23/11/2022 11:39
«Ճիշտ ժամանակն է, որ նոր մարտահրավեր փնտրեմ ինձ համար». Ռոնալդուն հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից
Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն փոխադարձ համաձայնությամբ պայմանագրի ժամկետից շուտ կլքի «Մանչեսթեր Յունայթեդ»-ը։
«Ակումբը շնորհակալություն է հայտնում նրան «Օլդ Թրաֆորդ»-ում անցկացրած խաղերում ունեցած ներդրման համար։ Նա 346 խաղում դարձել է 145 գոլի հեղինակ։ Նրան և նրա ընտանիքին լավագույնն ենք մաղթում ապագայում», - ասված է «կարմիր սատանաների» տարածած հայտարարության մեջ։
Իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել նաև Ռոնալդուն։
««Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ բանակցությունների արդյունքում մենք փոխադարձ համաձայնությամբ խզում ենք պայմանագիրը։ Ես սիրում եմ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, սիրում եմ երկրպագուներին, որոնք երբեք չեն փոխվի։ Սակայն, կարծում եմ, ճիշտ ժամանակն է, որ ես նոր մարտահրավեր փնտրեմ ինձ համար։ Թիմին հաջողություն եմ մաղթում մրցաշրջանի մնացած հատվածում և ապագայում», - հայտարարել է Ռոնալդուն։
Ավելի վաղ Կրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել էր իր անձի շուրջ վերջին շրջանում տարածվող լուրերին և խոսել «կարմիր սատանաների» կազմում ունեցած խնդիրներից:
Ռոնալդուն հարցազրույցի ընթացքում հանդես է եկել սկանդալային հայտարարություններով, քննադատել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզիչ Էրիկ Տեն Հագին, ինչպես նաև անդրադարձել Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին հարձակվող Ուեյն Ռունիի՝ իր հասցեին արած հայտարարություններին: