24/11/2022 17:06
Աշխարհաքաղաքական և միջազգային իրավունքի տեսանկյունից շատ ավելի բարդ իրավիճակում ՀԱՊԿ-ը շատ ավելի հայանպաստ դիրքորոշմամբ է հանդես եկել, քանի որ Հայաստանում իշխանության էին հայրենասեր մարդիկ․ Մամիջանյան
Հայաստանին օգնություն տրամադրելու վերաբերյալ ՀԱՊԿ-ի փաստաթղթերի չստորագրելուն կարող են տարբեր հետևանքներ հաջորդել, ճեպազրույցի ժամանակ կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Պատգամավորը միևնույն ժամանակ հիշեցրեց՝ հաշվի առնելով երեկ Երևանում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ավարտին Կազմակերպության գլխավոր քարտուղարի հայտարարությունը՝ ենթադրվում է փաստաթղթերում որոշակի փոփոխություններ ու լրամշակումներ անելուց հետո փաթեթը ներկայացնել ստորագրման։ Այնուհանդերձ, ըստ Հայկ Մամիջանյանի, հայկական կողմը միջազգային հարթակներում անհրաժեշտ գործիքակազմը չի օգտագործում։
«Եթե հայկական կողմը մեր գերի տղաների վերադարձը, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական զինյալների հեռացումը չի օգտագործում որպես, չեմ ուզում նախապայման բառն օգտագործեմ, բայց որպես բանակցային գործընթացում Հայաստանի անկյունաքարային մոտեցում, դիրք, կարևորագույն կետ, ուրեմն ինչու՞ ենք մենք ակնկալիք ունենում այլ երկրների ղեկավարներից կամ միջազգային կառույցներից, որ մեզանից ավելի հայրենասեր են լինելու»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը նաև հիշեցրեց՝ աշխարհաքաղաքական և միջազգային իրավունքի տեսանկյունից շատ ավելի բարդ իրավիճակում, այն դեպքում, երբ ՀԱՊԿ-ը պատասխանատվություն է կրում ՀՀ սուվերեն տարածքի համար, սակայն 2016 թվականին Արցախի նկատմամբ էր Ադրբեջանի կողմից ագրեսիա տեղի ունեցել, ՀԱՊԿ-ը շատ ավելի հայանպաստ դիրքորոշմամբ է հանդես եկել, քանի որ Հայաստանի իշխանության ղեկին գիտակ ու հայրենասեր անձինք էին։
«Համեմատության համար հիշեցնեմ 2016 թվականի հոկտեմբերը։ Հայաստանը նորից նախագահող երկիր էր ՀԱՊԿ-ում, Հայաստանում նորից տեղի էր ունենում գագաթնաժողով, նորից պատերազմական գործողություններից մի քանի ամիս անց էր անցկացվում այդ գագաթնաժողովի նիստը, պարզապես երկու տարբերություն կար։ Առաջին տարբերությունը՝ տեղի ունեցած պատերազմում հայկական կողմը հաղթող էր, երկրորդ տարբերությունը՝ իշխանության ղեկին հայրենասեր մարդիկ էին։ Արդյունքում գագաթնաժողովում ընդունվեց փաստաթուղթ, որին միացան բոլոր երկրները։ Առնվազն Ռուսաստանի և Բելառուսի պպարագայում ղեկավարները նույնն անձինք էին, Ղազախստանի պարագայում Նազարբաևն էր, և ընդունվեց մի փաստաթուղթ, որտեղ հստակ նշվում էր ազգերի ինքնորոշման իրավունքը, հստակ նշվում էր Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների կարևորությունը և մի շարք այլ հայանպաստ կետեր»,- ընդգծեց Հայկ Մամիջանյանը։
Այս համատեքստում նա քաղաքացիներին հորդորեց հետևություն անել՝ արդյոք խնդիրը միջազգային կառույցի մե՞ջ է, թե՞ այդ միջազգային կառույցում Հայաստանը ներկայացնող, այսպես կոչված, պաշտոնյաների մեջ, որոնք Հայաստանը միջազգային հարաբերություններում սուբյեկտից վերածել են օբյեկտի։