24/11/2022 12:22
ՀԱՊԿ-ից ունեցած սպասելիքները չարդարացվեցին, մենք ինքնուրույն գործողություններ ենք իրականացնում մեր սահմանների անվտանգությունն ապահովելու առումով. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ)
ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական դաշինք է, և ռազմական օգնության ակնկալիքից զերծ, նաև կարող են լինել քաղաքական գնահատականի սպասումներ։ Եվ այդ քաղաքական գնահատականը բավարար չի եղել, դրա համար որոշում է կայացվել չստորագրել հայտարարությունը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Երևանում անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովին։
«Այսօր երրորդ երկրի զորքերը գտնվում են ՀԱՊԿ տարածքում։ Ես չգիտեմ, թե դրա հետ ՀԱՊԿ երկրները ոնց են մերվում կամ ոնց են դրա շարունակությունը տեսնում», - ասաց Սիմոնյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե ՀԱՊԿ-ից ունեցած սպասելիքները չարդարացվեցի՞ն՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց.
«Որ արդարացվեին՝ փաստաթուղթը կստորագրվեր»։
Ինչ վերաբերում է հարցին, թե ՀԱՊԿ-ում մնալ-չմնալու հարցը մնում է Հայաստանի օրակարգում՝ ԱԺ նախագահն արձագանքեց.
«Մենք երբևիցե նման հայտարարույթուն չենք արել, մենք ասել ենք, որ ՀԱՊԿ-ն է տարածաշրջանը լքում և մենք դրանով անհանգստացած ենք։ Մեր ընկերներին պետք է հարց ուղղվի՝ արդյո՞ք ՀԱՊԿ-ը որոշել է լքել անդրկովկասյան այս տարածքը, թե՞ ոչ։ Եթե լքել է, պետք է առնվազն դրա մասին բարձրաձայն ասվի։ Այնուամենայնիվ, մենք միայն այդ կառույցի քայլերին չէ, որ սպասում ենք, մենք ինքնուրույն գործողություններ ենք իրականացնում մեր սահմանների անվտանգությունն ապահովելու առումով»։