24/11/2022 11:32
«Էական ու լրջագույն փոփոխություններ են տեղի ունենալու». կառավարությունը հաստատեց՝ Հայաստանում կստեղծվի Ներքին գործերի նախարարություն (Տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին որոշման նախագիծը։
Նոր նախարարության ստեղծումը թույլ կտա ապահովել Ոստիկանության ոլորտի թե խորհրդարանական, թե քաղաքացիական վերահսկողություն, ինչպես նաև այն կդառնա ոլորտի բարեփոխումների իրագործողն ու պատասխանատուն։
Ներքին գործերի նախարարությունն իր մեջ ներառելու է երեք խոշոր ծառայություն՝ Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և Միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը։
Նախարարությունում կկենտրոնացվի հինգ հիմնական ոլորտ՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում ու բացահայտում, աղետների ռիսկի կառավարում, միգրացիա ու քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում և հումանիտար հարցեր։
Ծառայությունների ղեկավարները նշանակվելու են ՀՀ վարչապետի կողմից, տեղակալները՝ ՆԳ նախարարի առաջարկությամբ՝ նշանակվելու ու ազատվելու են կրկին վարչապետի կողմից։
Նախատեսվում է դադարեցնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը. անցումային փուլ նախատեսվել է մինչև չորս ամիս ժամկետ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կարևոր համարեց նախագծի ընդունումը։
«Իմաստը նոր ստանդարտի Ոստիկանություն ու նոր ստանդարտի Փրկարար ծառայություն ունենալն է, սա է մեր ամենակարևոր խնդիրը, որը հետապնդում ենք։ Իրականում, այս հարցի վերաբերյալ մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, էական ու լրջագույն փոփոխություններ են տեղի ունենալու», - նշեց վարչապետը։
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է միշտ ձգտի բոլոր ոլորտներում լինել լավագույն սանդղակներում։
«Մենք պետք է շատ բարձր նշաձողեր սահմանենք մեզ համար», - ընդգծեց Փաշինյանը։
Կարգավորումներով՝ ՀՀ ոստիկանության պետը կլինի Ներքին գործերի նախարարի տեղակալ, նաև՝ Անվտանգության խորհրդի անդամ։