24/11/2022 12:16
Օրենքով նախատեսվում է ԱԱԾ արխիվից փաստաթղթերի ոչնչացման հնարավորություն, խնդիրն ինչո՞ւմն է. ինչ-որ մեկը չի տանելու մի հատ թուղթ ճղի, գցի. ԱԱԾ փոխտնօրեն
Խորհրդարանն այսօր արտահերթ նիստով քննարկում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը։
«Հայաստան» խմբակցության պատգամավորները հետաքրքրվեցին, թե այդ ինչ փաստաթղթեր կան ԱԱԾ արխիվում, որոնց ոչնչացման հարցը քննարկվում է արտահերթ ռեժիմում։
«Արխիվում էդ ինչ թուղթ կա, որ էքստրեննի ռեժիմով պետք է որոշվի ոչնչացնել», - հարցրեց պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Գեղամ Մանուկյանն էլ մեջբերեց գործող օրենքը, որով սահմանվում է, որ ԱԱԾ մարմիններում աշխատակիցների, նրանց հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձանց տվյալները, փաստաթղթերը և նյութերը ենթակա են պահպանման՝ լիազորված մարմնի արխիվում։
«Կար նաև դրույթ, որ ԱԱԾ արխիվի նյութերը գաղտնազերծվում են օրենքով սահմանված կարգով։ Հիմա առաջարկում եք՝ գաղտնազերծվում կամ ոչնչացվում են օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով։ Դիցուք, ԱԱԾ աշխատողների հետ համագործակցել է «Ալֆա» կեղծանունով մեկը։ Հիմա ձեր առաջարկած փոփոխությունով կարո՞ղ է պատահի, որ մի օր ԱԱԾ պետի որոշմամբ կամ այլ իրավական ակտով ոչնչացնեն «Ալֆայի» համագործակցությունն ԱԱԾ-ի հետ հաստատող փաստաթղթերը», - հարցրեց Գեղամ Մանուկյանը։
ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանն արձագանքելով հարցին՝ ասաց, թե ոչնչացման համար օրենքով կամ իրավական ակտերով նախատեսված որևէ ընթացակարգ գոյություն չի ունեցել։
«Փոփոխությունը կատարվել է այն տրամաբանությամբ, որ ունենանք օրենքով սահմանված լիազորող նորմ՝ ոչնչացնելու համար։ Հիմա խնդիրն ինչու՞մն է, չեմ հասկանում ձեր տագնապը։ Օրենքով նախատեսվում է ոչնչացման հնարավորություն և այդ հնարավորությունը ԱԱԾ-ին տրվում է օրենքով կամ այլ իրավական ակտով։ Խնդիրը ո՞րն է։ Ինչ-որ մեկը չի տանելու մի հատ թուղթ ճղի, գցի», - ասաց ԱԱԾ փոխտնօրենը։