24/11/2022 16:21
Լուսինե Ավանեսյանը մեկնաբանել է Արտաքին գործերի նախարարի պաշտոնում Վարդան Օսկանյանի և Արա Այվազյանի թեկնածության վերաբերյալ շրջանառվող լուրը
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը մեկնաբանություն է տվել մամուլում շրջանառվող այն լուրերի վերաբերյալ, թե Արցախում Արտաքին գործերի նախարարի պաշտոնում քննարկումներ են ընթանում Վարդան Օսկանյանի և Արա Այվազյանի թեկնածությունների շուրջ, հայտնում է «Արցախպրես»-ը։
«Հրապարակ» օրաթերթի հարցադրմանն ի պատասխան Լուսինե Ավանեսյանը նշել է, որ Արցախի Հանրապետության նախագահը Արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակում դեռևս չի կատարել, և Դավիթ Բաբայանը շարունակում է կատարել ԱԳ նախարարի լիազորությունները՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար։
«Ամենայն հարգանքով վերաբերվելով պարոնայք Վարդան Օսկանյանի և Արա Այվազյանի դիվանագիտական փորձին` նշեմ, որ Արցախի Հանրապետության արտաքին գործերի գերատեսչությունը ղեկավարելու առաջարկ Արցախի Հանրապետության Նախագահը նրանց չի արել և նման հարց այս պահին օրակարգում չկա։
Երբ հստակ որոշում կայացվի, ինչպես ԱԳ, այնպես էլ մյուս նախարարների նշանակումների վերաբերյալ հրամանագրերը կհրապարակվեն»,-ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակը:
Ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Արցախում Արտաքին գործերի նախարարի պաշտոնում քննարկվում է Վարդան Օսկանյանի եւ Արա Այվազյանի թեկնածությունները։