24/11/2022 10:07
«Հրապարակ». Արցախում նախապես ծրագրված ժամկետում հանրաքվե չի անցկացվի և Սահմանադրության նախագիծը սկսելու են գրել զրոյից
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրությունը հետ են ուղարկել լրամշակման Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ ԱԺ նախագահին է վերադարձրել Սահմանադրության նախագիծը։ Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, նման որոշման պատճառ են հանդիսացել տարաբնույթ քաղաքական գնահատականները, ինչպես նաև նախագծի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած բացասական արձագանքները, ինչը «կարող է ներքին պառակտման ու լարվածության հերթական պատճառ դառնալ»: «Հանրապետության նախագահը նախաձեռնելու է լրացուցիչ քաղաքական խորհրդակցություններ՝ սահմանադրական փոփոխությունների հետագա ընթացքի շուրջ»: Հետաքրքրվեցինք՝ ո՞րն է բացասական արձագանքների պատճառը, և ի՞նչ արձագանքներ են։ Տեղեկացանք, որ ԱԺ ուղարկված նախագծում ԱՀ օրենսդիրները փոփոխություն են առաջարկել Սահմանադրության 162-րդ հոդվածի առաջին մասում, որպեսզի միայն հանրաքվեով փոփոխության ենթարկվող գլուխներն ու հոդվածները փոփոխելու հնարավորությունն ընձեռվի Ազգային ժողովին։
Դիցուք՝ 1-3-րդ գլուխները, համաձայն որոնց՝ «Արցախի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: 2. Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: 3. Իշխանության յուրացումը հանցագործություն է» և այլն: Մեզ ասացին, որ նման փոփոխությունը բխում է ներկա իրավիճակից, քանի որ Արցախում 44-օրյա պատերազմից հետո ընտրություններ և հանրաքվեներ կազմակերպելը դժվար է։ Ուշագրավ է, որ ընդդիմության փոփոխած նախագիծը ներկայացվել էր ԱՀ Գերագույն դատարան: Դատարանի 17.11.2022թ. որոշմամբ նախագիծը ճանաչվել էր ԱՀ Սահմանադրությանը համապատասխանող։
Սակայն նախագիծն առաջին ընթերցում անցնելուց և Գերագույն դատարանի կողմից հաստատվելուց հետո սկսել են քննադատել այն, որ նոր նախագծով ժողովրդին զրկում են որոշումներ կայացնելու հնարավորությունից, սահմանափակում են հանրաքվեների միջոցով իր կամքն արտահայտելու իրավունքը: Ապա դատախազն ու ՄԻՊ- ն են եզրակացություններ ներկայացրել, որ ԱԺ լիազորությունները խիստ ավելացվել են, ժողովրդի որոշելիք հարցերը` կրճատվել: Եվ Արայիկ Հարությունյանը որոշել է վերջին պահին հետ կանչել Սահմանադրությունը` շտկելու այս խնդիրներր: Սա նշանակում է, որ նախապես ծրագրված ժամկետում հանրաքվե չի անցկացվի և Սահմանադրության նախագիծը սկսելու են գրել զրոյից, ինչը կտևի մի քանի ամիս»։