24/11/2022 16:08
Մի խումբ երիտասարդներ պահանջագիր են ներկայացնելու կառավարությանը՝ ազատել ՀՀ ազգային հերոսին «թվային կալանքից»
Նոյեմբերի 25-ը ազգային հերոս Մ. Մելքոնյանի (Ավոյի) ծննդյան օրն է։ 44-օրյա պատերազմից հետո «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ադմինիստրացիան հեռացնում է Ավոյի նկարները, արգելափակում անուն, նկար հրապարակած օգտատերերին։ Ազգային հերոսի ծննդյան օրը ՀՀ պետական և ոչ պետական բուհերից երեսուն ուսանողներ պատրաստվում են դիմում-պահանջագիր ներկայացնել կառավարության ներկայացուցիչներին՝ ազգային հերոսին «թվային կալանքից» ազատելուն ուղղված գործուն քայլեր ձեռնարկելու համար։
Նախաձեռնության հեղինակներից ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Գուրգեն Դանիելյանը երիտասարդների քայլը խորհրդանշական է համարում, ուղերձը հստակ՝ նոր սերունդը ճանաչում է Ավոյին, ունի պատքի զգացում և պատրաստ է ու պետք է պատշաճ վերաբերմունքով շնորհակալ լինի ազգային հերոսին, շարունակի նվիրական գործը։
«Մի քանի ընկերների հետ որոշեցինք ուսումնասիրել խնդիրը, պարզ դարձավ, որ այս ամենը Ադրբեջանի՝ պետական մակարդակով տեղեկատվական հերթական քարոզչության հետևանքն է, որ Հայաստանի ոչ համարժեք պատասխանի պատճառով «արդյունք» է տվել՝ Ավոն հայտնվել է այսպես կոչված «թվային բանտ»-ում»։
Դանիելյանի հավաստմամբ թվային տիրույթում ազգային հերոսի մասին ինֆորմացիայի արգելափակմամբ թշնամին հեռահար նպատակ ունի՝ կանխել ցանկացած գաղափար, որ կմիավորի հայ հանրությանը Արցախի, արցախյան պայքարի շուրջը։
«Մ. Մելքոնյանը արցախյան պայքարի խորհրդանիշներից է, ժամանակակից պատմության հերոսի կերպար. թշնամու քարոզչությունը միտված է խարխլելու հերոսի ինստիտուտը, հայ ժողովրդին զրկելու ազգային ինքնության վահանից։ Պետական մակարդակով է պետք հակազդել թշնամու քարոզչությանը»։
Նախաձեռնության շրջանակներում երիտասարդները նոյեմբերի 25-ին 11։00 նախատեսել են հավաք Ազատության հրապարակում, պահանջագրի հանձնում ՀՀ վարչապետի աշխատակազմին, ապա քայլերթ դեպի Եռաբլուր, որտեղ էլ հերոսի շիրիմի մոտ տեղի է ունենալու հարգանքի ցերեկույթ։