25/11/2022 21:26
Բնականոն ռեժիմին անցնելը պետք է լինի աստիճանաբար. Երկարաժամկետ անկողնային հանգստի դրական և բացասական ազդեցությունը
Յուրաքանչյուր հիվանդություն ուղեկցվում է այնպիսի ախտանիշներով, որոնք տարբեր կերպ են ազդում հիվանդի ընդհանուր վիճակի վրա: Ծայրահեղ դեպքերում բժշկի կողմից նշանակովում է անկողնային ռեժիմ՝ կորցրած ուժերը վերականգնելու և կազդուրվելու համար։
Երկարաժամկետ անկողնային ռեժիմի դրական և բացասական ազդեցության մասին Aysor.am-ի լրագրողը զրուցել է թերապևտ Լյուդմիլա Նազարյանի հետ.
«Անկողնային հանգիստը նշանակվում է հիմնականում այն դեպքերում, երբ հիվանդությունը ծանր է, կան լուրջ հետևանքների վտանգներ։ Դրանցից խուսափելու կամ նվազագույնին հասցնելու համար հիվանդին առաջարկվում է անկողնային հանգիստ՝ հավաքելու ողջ էներգիան, որը կարևոր է հիվանդության դեմ պայքարելու համար։
Տեսանելի ախտանշաններն են ընդհանուր թուլությունը, գլխապտույտը, մարմնի բարձր ջերմաստիճանը, տարածության մեջ կենտրոնացման կորուստը և այլն։ Դրանք կարող են լինել արյան բարձր ճնշման, գրիպի կամ մրսածության, ուղեղի տրավմատիկ վնասվածքի, վիժման սպառնալիքի, սրտի կաթվածի, արյան շաքարի կտրուկ աճի կամ նվազման և այլ բարդությունների հետևանքներ։
«Խիստ անկողնային ռեժիմով հիվանդին արգելվում է ընդհանրապես դուրս գալ անկողնուց։ Նման անձի կարիքների հոգսը ամբողջությամբ ընկնում է բուժանձնակազմի վրա, եթե նա հիվանդանոցում է, կամ հարազատների վրա, եթե հիվանդը տանն է։ Հիվանդին թույլատրվում է վեր կենալ միայն զուգարանից օգտվելու և լվացվելու համար։
Անկողնային հանգստի ձևի նպատակը կախված է հիվանդի վիճակի ծանրությունից, հիվանդության տեսակից, բարդություններից և այլ գործոններից»,- ասաց բժիշկը։
Երկարատև անկողնային ռեժիմից հետո ևս հնարավոր է, որ հիվանդի մոտ խնդիրներ առաջանան։ Բժշկի խոսքով, խիստ անկողնային ռեժիմի դեպքում առաջին հերթին առաջանում են անկողնային խոցեր, որոնք մաշկի վրա երևում են կարմրավուն ուժեղ ցաների և մակերեսի գրգռվածության տեսքով։
Նման բարդությունների կանխարգելումը սպասարկող անձնակազմի պարտականությունն է։ Դրա համար անհրաժեշտ է հիվանդին ժամանակին շրջել մյուս կողմ, հնարավորության դեպքում լավ սրբել և մաքուր անձեռոցիկով չորացնել հիվանդի մարմինը։ Հիգիենայի ընթացակարգերից հետո անհրաժեշտ է մաշկին քսել հատուկ միջոցներ, որոնք նպաստում են անկողնային խոցերի ապաքինմանը և կանխում նորերի առաջացումը:
Բժիշկը, անդրադառնալով երկարատև անկողնային ռեժիմից հետո վերականգնմանը, տվեց մի քանի կարևոր խորհուրդ.
«Անկողնուց վեր կենալուց անմիջապես հետո հիվանդը կարող է գլխապտույտ ու սրտխառնոց զգալ, ոտքերը սկսեն չհնազանդվել։ Հետևաբար, պետք է իմանալ մի քանի պարզ կանոններ.
Նախքան անկողնուց վեր կենալու փորձը, պետք է հանգիստ ձգվել անկողնում՝ ձեռքերը վերև, մատները ներքև: Ձգումները պետք է արվեն, առնվազն, երեք անգամ։
Զգուշորեն նստեք անկողնու վրա և փորձեք նորմալացնել շնչառությունը:
Հանգիստ նստեք 3 րոպե և փորձեք մի փոքր վարժություն կատարել՝ երկու ձեռքերը վեր բարձրացնելով դնել մեջքի հետևում:
Կարևոր է դանդաղ վեր կենալ անկողնուց, այլ ոչ թե կտրուկ, ցանկալի է՝ ինչ-որ մեկի օգնությամբ։ Առաջին քայլերն արեք սենյակի շուրջ՝ բռնելով ուղեկցողի ձեռքից, կամ շրջապատող առարկաներից:
Նման կանոնները կարևոր են, որպեսզի երկար պառկելուց հետո շնչառությունը և սրտի զարկերը նորմալանան»,- հավելեց բժիշկ Նազարյանը։
Նման ձգումների ժամանակ կարող է զգացվել սրտի անկանոն բաբախյուն և թուլություն, բայց շարժումների ավելացման հետ արյան մատակարարումը և մարդու ընդհանուր վիճակը կբարելավվեն։ Եթե չկան հատուկ բժշկական ցուցումներ, ապա կարևոր է հնարավորինս շատ թարմ հյութեր, բանջարեղեն, կաթնամթերք, հատիկեղեն, հացահատիկ օգտագործել և կազդուրվելուն պես զբոսնել մաքուր օդում:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։