25/11/2022 16:30
Նոյեմբերի 25-ը՝ կանանց դեմ բռնության վերացման միջազգային օր. Հոգեբանը հորդորում է՝ Մի՛ լռեք
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նոյեմբերի 25-ը հռչակել է Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օր։ Նպատակն է՝ բարձրացնել մարդկանց իրազեկությունը, որ կանայք ամբողջ աշխարհում շարունակում են լինել բռնության և դաժանության հիմնական թիրախը։
Նման կարևոր հարցի շուրջ Aysor.am-ի թղթակիցը զրուցել է ընտանեկան հոգեբան Անուշ Իգնաթյանի հետ՝ պարզելու, թե ինչ աջակցություն կարող է տրամադրվել նման իրավիճակում հայտնված կանանց ու ինչպես օգնել դուրս գալ զոհի կերպարից։
«Ցավալի է, որ մեր հայ հասարակության մեջ դեռևս կան բռնության զոհ դարձած կանայք, որոնցից շատերը համակերպվելով, շարունակում են ապրել զոհի հոգեբանությամբ։ Հենց այստեղից պետք է սկսել խնդրի վերացումը։ Անհրաժեշտ է թույլ չտալ ոտնահարել սեփական սահմաններն ու ձեռք բարձրացնել մարդու վրա», - ասաց հոգեբանը։
Վերջինս շեշտեց նաև այն կարևոր հանգամանքը, որ ՀՀ-ում այժմ գործում են հոգեբանական և բարոյական աջակցության բազմաթիվ կենտրոններ, կացարաններ, որոնք հնարավորություն են տալիս կանանց վերադառնալ բնականոն առօրյային և նոր կյանք սկսել։ Պարզապես պետք է հաղթահարել կարծրացած և չհիմնավորված «ամոթի զգացում»-ը և սովորել պաշտպանել ինքներդ ձեզ։
Հայտնի է, որ աշխարհում յուրաքանչյուր երրորդ կին իր կյանքի ընթացքում ենթարկվում է ֆիզիկական բռնության։ Աշխարհում ավելի քան 700 միլիոն կին բռնի ամուսնության մեջ է, իսկ 133 միլիոնը ենթարկվել է բռնի թլպատման։
Նման փաստերը ցույց են տալիս, որ խնդրի վերացումը երկար ժամանակ և ջանքեր է պահանջելու, իսկ կանանց նկատմամբ բռնության հետևանքները կարող են ձգվել շատ սերունդներ, և, հետևաբար, կարևոր է համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել այս խնդիրների վրա և գտնել դրանք վերացնելու հստակ ուղիներ:
Հոգեբանն անդրադարձավ նաև տարվող իրազեկման աշխատանքների կարևորությանը՝ նշելով.
«Առաջնահերթ է տանը՝ ընտանիքում և դրսում՝ դպրոցից սկսած տանել դաստիարակչական աշխատանքներ. Այն է՝ արմատավորել հարգանք դեպի մարդը՝ անկախ սեռային պատկանելությունից, ռասայից և տարիքից։ Եթե յուրաքանչյուր ծնող իր տղա երեխայի հետ խոսներ հակառակ սեռին հարգելու, աջակցելու և օգնելու մասին, ապա այսօր այս խնդիրը չէինք ունենա։ Ցավոք, մեր հասարակության մեջ կինն արդեն իսկ «մեղավոր է»՝ պայմանավորված իր սեռով և հենց այդ նույն սեռին հավատարիմ մնալով պետք է լռի՝ տանելով ստորացումն ու բռնությունը։ Այս կարծրատիպն է ահա, որ պիտի կոտրել՝ առողջ և իրազեկ հասարակություն ունենալու համար»։
Ընտանեկան հոգեբանը բոլոր կանանց խորհուրդ տվեց չլռել, բռնության ենթարկվելուն պես դիմել համապատասխան մարմիններին և օգտվել նաև տրամադրվող հոգեբանական աջակցությունից, քանի որ առաջին հայացքից թեթև թվացող խնդիրները ժամանակի հետ կարող են հանգեցնել վատ հետևանքների.
«Երբեք մի՛ լռեք, քանի որ այդպիսով մասն եք կազմում հանցագործության, խթանում հետագայում կատարվելիք դաժանությունները, իսկ անպատժելիությունը, որպես կանոն, ծնում է նոր արհավիրքներ»,- ասաց հոգեբանը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։