25/11/2022 19:03
Ֆիզիկական պատժի հետևանքները երեխաների հոգեբանության վրա. Խորհուրդներ հոգեբանից
Երեխաների դաստիրարակությունը բարդ և բազմակողմանի աշխատանք է, որը ծնողից պահանջում է լուրջ և պատասխանատու մետեցում, հարգանք երեխայի և սեփական անձի նկատմամբ։ Շատ ծնողներ «դաստիարակություն» հասկացության տակ ներառելով բռնի գործողություններն ու ֆիզիկական պատիժը, արդարացնում են իրենց վարքագիծը։
Թեմայի շուրջ Aysor.am-ը զրուցել է մանկական հոգեբան Անիտա Նիկողոսյանի հետ՝ պարզելու երեխայի վրա ֆիզիկական պատժի թողած հետևանքները, ծնողավարության կանոններն ու դաստիարակության արդի մեթոդները.
«Ծնող լինելը մեծ պատասխանատվություն է, որը պահանջում է որոշումներ կայացնել երեխաների, նրանց վարքագծի վերաբերյալ: Շատ ծնողներ մտածում են, որ անհնազանդության դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցը երեխաների համար հստակ կանոնների և պատիժների համակարգ սահմանելն է, օրինակ՝ վերցնել այն իրը, ինչը սիրում են, արգելել հեռուստացույց դիտել, կամ համակարգչային խաղ խաղալ։
Մյուսների համար այս ռեսուրսը բավարար չէ, ուստի նրանք դիմում են ֆիզիկական պատժի՝ որպես կարգապահական միջոցի։ Այս մեթոդի կիրառումը կտրականապես պետք է բացառել, քանի որ դրա հետևանքները յուրաքանչյուր երեխայի հոգեբանության վրա անջնջելի հետք են թողնում»,- ասաց հոգեբանը:
Հոգեբանի խոսքով, երկարաժամկետ հեռանկարում ֆիզիկական պատիժը անուղղելի վնաս կարող է հասցնել՝ մեծացնելով լուրջ հուզական խնդիրների հավանականությունը:
Ներկայումս երեխաների կրթության և դաստիարակության այս տեսակը դեռևս տարածված է, երբ ծնողները ֆիզիկական և բարոյական վնաս են հասցնում իրենց երեխաներին։ Նրանք դա անում են՝ հավատալով, որ «ուղղում» են երեխային, մինչդեռ իրականում տեղի է ունենում հակառակը՝ որքան շատ պատժի ենթարկվի երեխան, այնքան նա կդառնա ագրեսիվ և բռնի։
«Երեխային ծեծելը և հետո բացատրելը, որ նրանք դա անում են իր օգտի համար, վտանգավոր է, քանի որ դա միայն ստիպում է երեխային հասկանալ բռնությունը որպես սիրո ընդունելի մաս: Որպես չափահաս, հետագայում նա կհանդուրժի ահաբեկումը միջանձնային հարաբերություններում, քանի որ նրան մանկությունից դա են սովորեցրել»,- ասաց Անիտա Նիկողոսյանը:
Հոգեկան առողջության մասնագետները ծնողներին և խնամակալներին խորհուրդ են տալիս, դժվար իրավիճակի բախվելիս վերահսկել իրենց այնպես, ինչպես ցանկանում են երեխայի վարքը կառավարել, փորձել մի պահ մտովի լինել երեխայի դերում և այդ ժամանակ զսպելով հույզերը, գուցե չդիմեն ֆիզիկական պատժի եղանակին: Մասնագետների պնդմամբ, ֆիզիկական պատիժը նույն ազդեցությունը չի թողնում, ինչ հստակ նորմերի և կանոնների հաստատումն ու տարածումը։
«Երեխայի առանձնահատկություններին հարմարեցված մեթոդները կարող են կարգավորել երեխայի վարքագիծը մանկության տարիներին՝ դրանով իսկ հեշտացնելով նրա հասունացման գործընթացը և ստիպելով միշտ զգալ, որ իրեն սիրում և աջակցում են ընտանիքում»,- հավելեց մասնագետը:
Զրույցի վերջում հոգեբանը խորհուրդ տվեց ծնողներին միշտ լսել, թե ինչ է ասում երեխան, չանտեսել անգամ չնչին թվացող կարծիքն ու միտքը, որը նա կարտահայտի։ Անհրաժեշտ է լինել համբերատար և ճգնաժամային յուրաքանչյուր իրավիճակ հաղթահարել մեծ պատասխանատվությամբ և սիրով։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։