26/11/2022 19:42
Գլխացավերը մշտապես ցավազրկողներով բթացնելը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների. Մանկաբույժի խորհուրդները ծնողներին
Երեխաների շրջանում ժամանակ առ ժամանակ անհանգստություն պատճառող գործոններից մեկն է գլխացավը։ Գլխացավի պատճառները կարող են լինել ինչպես նյարդաբանական, այնպես էլ հոգեբանական:
Aysor.am-ի հետ զրույցում մանկաբույժ Նոնա Ավդալյանն անդրադարձավ երեխաների մոտ հաճախակի հանդիպող գլխացավի հիմնական պատճառներին և ծնողներին առաջարկեց լուծման տարբերակներ։
«Երեխաները երբեք պարզապես չեն բողոքում ցավից։ Կամ ցավը շատ ուժեղ և անհանգստացնող է, կամ ցավը սկսել է հաճախակի բնույթ կրել։ Նմանատիպ բողոքները երբեք չպետք է անտեսվեն ծնողների և շրջապատողների կողմից: Ժամանակին բուժումն ու ախտորոշումը կօգնեն վերացնել ապագայում առաջացող բարդությունների վտանգը»,-ասաց մանկաբույժը:
Գլխում տհաճ ցավերի պատճառները ներառում են մի շարք պաթոլոգիական գործընթացներ, հոգեկան խանգարումներ և երեխայի մշտական գերբեռնվածություն: Ռացիոնալ բուժում ընտրելու համար կարևոր է հասկանալ ճշգրիտ պատճառը:
Երեխաների գլխացավի հիմնական պատճառներն են՝
միգրեն՝ մանկության կամ դեռահասության շրջանում,
VSD համախտանիշ՝ վեգետոանոթային դիստոնիա,
լարվածության գլխացավ,
ուռուցքային պրոցեսներ ուղեղում և նրա թաղանթներում,
ԼՕՌ օրգանների և աչքերի հիվանդություններ,
մենինգիտ և էնցեֆալիտ,
ներգանգային ճնշման խախտում,
վարակիչ և վիրուսային պաթոլոգիաներ,
թունավորում՝ սննդային, քիմիական,
գլխի և գլխուղեղի վնասվածքներ։
Տեղայնացումը կարող է դիտվել օքսիպիտալ, պարիետալ և ճակատային բլթերում։ Կարող է ցավ պատճառել աչքերի շրջանում կամ բաբախել քունքերում:
Մանկաբույժը ծնողներին խորհուրդ է տալիս ցավերի դեպքում մշտապես այն չբթացնել ցավազրկողներով, այլ փորձել պարզել հիմնական պատճառը.
«Գլխացավերի պատճառը հասկանալու համար նախ պետք է պարզել ցավի բնույթը, որքան ժամանակ է այն տանջում երեխային և առաջացման հաճախականությունը: Եթե կցվում են ուղեկցող ախտանիշներ, ինչպիսիք են սրտխառնոցը, փսխումը, գիտակցության կորուստը, անհապաղ պետք է շտապ օգնություն կանչել: Մինչ շտապօգնության ժամանումը, ավելի լավ է զերծ մնալ որևէ դեղամիջոց ընդունելուց, քանի որ կլինիկական պատկերը կարող է մշուշվել, ինչը մեծապես բարդացնում է ախտորոշումը»։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։