26/11/2022 18:35
Կրկնակի տեսողության համախտանիշ. Առաջացման պատճառներն ու բուժման եղանակները
Դիպլոպիան կամ կրկնակի տեսողությունը արտահայտվում է առարկաների կրկնապատկմամբ։ Երևույթը կարող է լինել հիվանդության ախտանիշ կամ որևէ այլ խնդրի ժամանակավոր դրսևորում։ Խնդրի առկայության դեպքում նույնիսկ կարող է կրկնապատկվել մի քանի առարկա՝ ժամանակավոր կամ մշտապես, պայծառ լույսի ներքո կամ մթության մեջ:
Դիպլոպիան, որն առաջանում է գերլարման, աչքերի հոգնածության հետևանքով, հնարավոր է ինքնուրույն անցնի, բայց հաճախ պահանջում է հետազոտություն և բուժում:
Կրկնակի տեսողության ժամանակավոր դրվագները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ներառյալ ալկոհոլի չարաշահումը, չափազանց հոգնածությունը և քրոնիկ քնի պակասը: Կարճաժամկետ դիպլոպիայի այս պատճառները սովորաբար անհանգստացնող չեն:
Եթե ախտանշանները պահպանվում են կամ շարունակում են կրկնվել, պատճառները կարող են ներառել՝
գլխի վնասվածք,
եղջերաթաղանթի անկանոնություն և կատարակտ,
աչքերի վիրաբուժական բուժում, չոր աչքեր,
գանգուղեղային նյարդերի վնասում,
ուղեղի ուռուցք կամ ուղեղային անևրիզմա։
Եղջերաթաղանթի կրկնակի տեսողությունը պայմանավորված է այնպիսի գործոններով, ինչպիսիք են կերատոկոնուսը (կոնաձև եղջերաթաղանթ) և եղջերաթաղանթի դիստրոֆիան (կառուցվածքի վատթարացում, նոսրացում):
Եղջերաթաղանթի անկանոնությունները կարելի է շտկել հատուկ կոնտակտային ոսպնյակներ կրելով։ Որոշ մարդկանց մոտ առկա բարդությունները կարող են պահանջել վիրահատություն՝ եղջերաթաղանթի փոխպատվաստում և իմպլանտների տեղադրում:
Չոր աչքի համախտանիշով տառապողներին կարող են օգնել աչքի խոնավեցնող կաթիլները, աչքերի համար նախատեսված վիտամինները։
Կրկնակի տեսողությամբ կարող է դրսևորվել նաև կատարակտը. Տարբերությունն այն է, որ վերջինս սովորաբար առաջանում է միայն մեկ աչքում։ Կրկնակի տեսողությունը կարող է առաջանալ մեկ կամ մի քանի մկանների կաթվածի կամ մասնակի դիսֆունկցիայի հետևանքով, որոնք վերահսկում են աչքերի դիրքը և փոխազդեցությունը:
Բացի կոնսերվատիվ թերապիայից, կարող են կիրառվել վիրաբուժական մեթոդներ, նշանակվել հատուկ ակնոցներ։
Աչքերի մեկ այլ խնդրի՝ ստրաբիզմի պարագայում, աչքերը կարող են նայել դեպի ներս կամ թեքվել դեպի դուրս: Եթե մարդը ստրաբիզմ ունի, ապա նա մեկի փոխարեն տեսնում է երկու առարկա, քանի որ յուրաքանչյուր աչք միաժամանակ տարբեր պատկերներ է արձակում։ Ուղեղը սովորաբար հարմարվում է՝ փակելով կամ անտեսելով մեկ աչքի տեղեկատվությունը: Վիրաբուժությունը և տեսողության թերապիան օգնում են շատերին կառավարել և զսպել ստրաբիզմով պայմանավորված կրկնակի տեսողությունը:
Կրկնակի տեսողությունը կարող է առաջանալ նաև առանց որևէ ընդգծված ախտանիշների: Կախված պատճառից, կարող է լինել աչքերի անհամապատասխանություն, ցավ աչքը շարժելիս և աչքերի շուրջ, քունքերի և հոնքերի մոտ սպազմ, լարում, գլխացավ և սրտխառնոց, աչքի թուլություն և այտուցված կոպեր։
Ախտորոշման նպատակով բժիշկը սովորաբար դիմում է միանգամից մի քանի մեթոդների։ Սկզբնական փուլում ուղղում է հարցեր՝ ե՞րբ է սկսվել կրկնակի տեսողությունը և ինչ հանգամանքներում, կա՞ արդյոք ժառանգական նախատրամադրվածություն, թե ոչ և այլն։ Այս բոլոր օգնող հարցերի միջոցով բժիշկը կարող է հեշտությամբ ճանաչել և ախտորոշել կրկնակի տեսողության համախտանիշը:
Խնդրի ժամանակին հայտնաբերումը կօգնի կանխել տեսողության խանգարման զարգացումը, կրկնակի տեսողության հետ կապված խնդիրները և կազատի հնարավոր բարդությունների սրացումից։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։