26/11/2022 13:28
Խաղաղապահ զորքերի տեղակայումը պետք է պարտադիր դարձնել. Գևորգ Դանիելյան
Իրավաբանական գիտությունների դոկտոր, Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը Թուրքիայի ու Ադրբեջանի միջև առանձնակի տարբերություն չի դնում:
«Միայն 2021 թվականի հունիսի 15-ին Շուշիի հռչակագիրը խոսեց այն մասին, որ իրենք ունեն ընդհանուր նպատակներ: Հետաքրքիրն այն է, որ այդ հռչակագրում որևէ պարտավորություն իրենք չեն ստանձնում, ընդհակառակը, գտնում են, որ Հայաստանն է ստանձնել որոշակի պարտավորություններ», - «Խաղաղության համաձայնագիր․ սահմանադրականության հարցն ու միջազգային իրավաքաղաքական հետևանքները» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարեց Դանիելյանը:
Պատմության մեջ, ըստ նրա, երկրորդ օրինակը չունեցող միջազգային պայմանագիր է դա, երբ երկու պետություններ որոշում են, թե երրորդ պետությունն իրենց հանդեպ ինչ պարտավորություններ պետք է ստանձնի:
Գևորգ Դանիելյանի խոսքով` երբեք չպետք է մոռանալ հայ ռազմագերիների հարցը, նաև պետք է պարտադիր դարձնել խաղաղապահների տեղակայման հարցը:
«Պետք է բարձրացնել խաղաղապահ զորքերի տեղակայումը պարտադիր դարձնելու խնդիրը, եթե հնարավոր է: Եթե մենք ասում ենք, որ շուտով դա կավարտվի ու պետք է երեք կողմերը համաձայն լինեն, ուրեմն պետք է Հայաստանն ասի «մենք չենք համաձայնում որևէ կետի, քանի դուք չեք համաձայնել»: Եթե ենթադրվում է միակողմանի զիջումներ, դա կարող է տեղի ունենալ միայն փոխշահավետության սկզբունքով», - ընդգծեց Իրավաբանական գիտությունների դոկտորը: