26/11/2022 10:36
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությունում դիրքային փոփոխություններ են տեղի ունենում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում դիրքային փոփոխություններ են տեղի ունենում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերանայում է կուսակցության ներսում իր սիրելիների ու հավատարիմների ցանկը:
«Նա այժմ առավել քան տեղ է տալիս իրեն հաճախակի քծնող, գովեստի խոսքեր ասող դեմքերին, տպավորություն է, թե ողջունում է հրապարակային քծնանքը: Կուսակցության՝ վարչության անդամների ընտրությունից ու նոր վարչություն ձևավորելուց հետո Փաշինյանը սկսել է Վահագն Ալեքսանյանին ու Գևորգ Պապոյանին տեղ տալ: Նրանք, ըստ երևույթին, ավելի հաճախ են «լայքում» կամ տարածում վարչապետի գրառումներն ու ավելի հաճախ են հայտարարում իրենց՝ Փաշինյանին անվերապահ աջակցելու մասին»,- «Ժողովուրդ» օրաթերթին ասաց իշխանամերձ մեր աղբյուրը:
Տեղեկացանք նաև, որ Փաշինյանի և վարչության նախկին նախագահ Սուրեն Պապիկյանի հարաբերություններն են տրանսֆորմացվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ նոյեմբերի 22-ին տեղի ունեցած նորընտիր վարչության անդրանիկ նիստին Պապիկյանը ներկա չի եղել: Այդ օրը խոսվել է ՔՊ վարչության անդամների, տեղակալների, ոլորտների բաշխման մասին, ինչպես նաև կուսակցության վարչության կեղծված ընտրությունների մասին: Նիկոլ Փաշինյանը չի ներում այն, որ կեղծիքների լուրը հրապարակվել է, և մենք գրել ենք այդ մասին: Հիմա ներսում բոլորն իրար վրա են փորձում բարդել պատասխանատվությունը, և առնետաորս է սկսվել՝ հասկանալու, թե ով է մեր աղբյուրը»։