26/11/2022 17:11
Քաղաքացուն գայթակղել են կարճ ժամանակում մեծ եկամուտ ունենալու գովազդային հայտարարությամբ, ապա նրան խոշոր չափի նյութական վնաս պատճառել
Արցախի Հանրապետության ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը հայտնել է համակարգչային տեխնիկայի օգնությամբ հանցագործության մասին և զգոնության կոչ ուղղել քաղաքացիներին։
«Նոյեմբերի 25-ին Արցախի Հանրապետության ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել է Ասկերան քաղաքի 37-ամյա բնակչուհի Ռ. Վ.-ի դիմումն այն մասին, որ նոյեմբերի 3-ին «Facebook» սոցիալական ցանցի միջոցով հանդիպել է օնլայն առ ու վաճառք իրականացնելու և կարճ ժամանակում մեծ եկամուտ ունենալու գովազդի հայտարարության։
Այնուհետև վերջինս իր անձնական տվյալներով գրանցվել է գովազդում նշված «webtrader.c-invest.co» կայքէջում։
Գրանցվելուց հետո իր անձնական օգտագործման հեռախոսահամարին զանգահարելու միջոցով, նոյեմբեր ամսվա ընթացքում իր հետ բազմիցս կապվել են անհայտ անձինք, ովքեր ներկայացել են որպես նույն կայքէջը ներկայացնող «FX Pro» ընկերության ներկայացուցիչներ և առաջարկել են համագործակցություն, որին նա համաձայնվել է։
Համագործակցության շրջանակներում Ռ. Վ.-ին համոզել են «FX Pro» ընկերությունում վերջինիս անվամբ բացված հաշվին փոխանցել 100 ԱՄՆ դոլար (39.000 ՀՀ դրամ) սկզբնական առք ու վաճառք իրականացնելու համար, այնուհետև տարբեր պատրվակներով պահանջել են 2.695.000 ՀՀ դրամ փոխանցել իրենց կողմից նշված բանկային հաշվին։
Ռ. Վ.-ի կողմից նոյեմբերի 9-ից մինչև 23-ն ընկած ժամանակահատվածում, ընդհանուր փոխանցվել է 2.734.000 ՀՀ դրամ, որից հետո այն հափշտակվել է «FX Pro» ընկերության աշխատակիցներ ներկայացած անհայտ անձանց կողմից, ինչի արդյունքում Արցախի Հանրապետության բնակչուհուն պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս։
Վարչությունը միջոցներ է ձեռնարկում հանցագործությունը բացահայտելու համար»,- նշված է հաղորդագրությունում։