26/11/2022 18:19
Վանաձորի բժիշկները լապարոսկոպիկ եղանակով վիրահատել են օրգանների հայելային դասավորություն ունեցող պացիենտի
Վանաձորի բժշկական կենտրոնում վիրահատել են օրգանների հայելային դասավորություն ունեցող պացիենտի, տեղեկացնում է բուժկենտրոնի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Վանաձորի բժշկական կենտրոն է դիմել 40-ամյա պացիենտ՝ գանգատվելով ձախ ենթակողային շրջանի ցավերից, սրտխառնոցից:
Հետազոտություններով նրա մոտ հայտնաբերվել է լեղաքարային հիվանդություն, սուր քարային խոլեցիստիտ, ներքին օրգանների հայելայինդասավորություն (Օրգանների հայելային դասավորությունը հազվադեպ հանդիպող անատոմիական տարբերակ է, որի դեպքում սիրտը գտնվում է աջ, լյարդը՝ ձախ կողմում (լատիներեն՝ situsinversus):
Չնայած անատոմիական առանձնահատկություններին եւ դրանից բխող տեխնիկական դժվարություններին՝ վիրահատությունը կատարվել է լապարոսկոպիկ եղանակով (վիրաբուժական թիմ՝ Հովակիմ Գոգորյան, ԴավիթԱզարյան, անեսթեզիոլոգ՝ Մարտուն Մադոյան):
Վիրահատությունը անցել է բարեհաջող, պացիենտը դուրս է գրվել հիվանդանոցից՝ լավացումով:
Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ աշխարհում ամեն 10 հազար մարդուց միայն մեկի մոտ է հանդիպում օրգանների հայելային դասավորություն: