28/11/2022 19:09
Էներգետիկ ըմպելիքները՝ մեծ վտանգ երեխաների և դեռահասների առողջության համար. Ի՞նչ աշխատանքներ է իրականացնում առողջապահության նախարարությունը
Վերջին շրջանում երեխաների և դեռահասների ձեռքին հաճախ կարելի է տեսնել էներգետիկ ըմպելիքներ՝ օրվա ցանկացած ժամին, նույնիսկ, առավոտյան։ Նման խմիչքների օգտագործման աճող տեմպերը լուրջ անհանգստություն են առաջացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության համար։ Իսկ խնդրի վերացման ուղղությամբ ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ առողջապահության նախարարությունը, փորձել է պարզել Aysor.am-ը՝ ներկայացնելով նաև ըմպելիքի բացասական ազդեցությունը։
ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանը զրույցում նշեց, որ առողջ ապրելակերպին ուղղված միջոցառումների համակարգը գերակա ուղղություն է նախարարության համար։
«Առողջապահության նախարարությունը մշտապես իրականացնում է իրազեկման աշխատանքներ՝ տարբեր ուղղություններով։ Աշխատելով ԿԳՄՍ նախարարության հետ, մշակվել է առողջ ապրելակերպի պարտադիր խմբակի կրթական ծրագիրը՝ որպես առարկա, որի մեջ ներառված են բոլոր ռիսկային վարքագծերի կանխարգելմանն ուղղված իրազեկման նյութերն ու ուղեցույցները», - ասաց Մնացականյանը։
Վերջինս նշեց նաև, որ իրազեկման բազմաբնույթ աշխատանքներ են իրականացվում բնակչության, երեխաների շրջանում և այդ աշխատանքների մեծ մասը կազմում են հենց առողջ սնուցմանն ուղղված արշավները։
«Այս տարի իրականացրեցինք յոթ մեծ արշավ՝ տարբեր մարզերում և Երևանում։ Այդ արշավների հիմնական նպատակը ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումն է, որը հետագայում կկանխի երեխաների, դեռահասների և տարբեր տարիքային խմբերի մոտ հիվանդությունների զարգացումը», - ասաց նա։
Մարիամ Մնացականյանն անդրադարձավ նաև անառողջ սննդի գովազդներին, որոնք հաճախ ներկայացվում են հենց տվյալ տարիքային խմբի կողմից՝ ուղղված երեխաներին և դեռահասներին։
«Կոնկրետ գազավորված և էներգետիկ ըմպելիքների արտադրատեսակների հետ կապված նախարարության կողմից իրականացվել են հետազոտություններ գովազդային ոլորտում, որից պարզ է դարձել, որ անառողջ սննդի գովազդներն առավել շատ ուղղված են հենց երեխաներին։ Կից մշակվել է ուղեցույցի տարր ունեցող հրաման, որտեղ ներառված են անառողջ սննդատեսակները, որոնց գովազդը երեխաներին արգելվում է։ Հետագայում նախատեսվում է որոշ միջոցառումներով իրականացնել դա՝ որպես օրենսդրական փոփոխություն», - ասաց Մնացականյանը։
Էներգետիկ ըմպելիքների օգտագործման նորման գերազանցելը կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների՝ ճարպակալման, գերքաշության, հիպերտոնիայի նոպայի, արյան գլյուկոզայի մակարդակի բարձրացման և այլն։
Այն պնդումը, որ ըմպելիքը լրացուցիչ էներգիա է տալիս, սկզբունքորեն սխալ է։ Այն միայն խթանում է օրգանիզմի էներգիան, որը ժամանակի ընթացքում անշուշտ բացասական արդյունքների կբերի։ Օրգանիզմը ժամանակի ընթացքում մշտական խթանմանը կպատասխանի անքնությամբ, ուժի կորստով, դյուրագրգռությամբ և նույնիսկ դեպրեսիայով:
Ժամանակի ընթացքում կոֆեինի չափից մեծ դոզան կառաջացնի կախվածություն, ինչպես նաև նյարդային համակարգի հյուծում։ Մարդուն ավելի ու ավելի շատ չափաբաժիններ կպահանջվեն՝ մարմինը էներգիայով հարստացնելու համար: Արդյունքը կարող է լինել սրտի հաճախականության բարձրացում, գերգրգռվածություն և քնի քրոնիկ խանգարում։ Կոֆեինը կտրականապես խորհուրդ չի տրվում երեխայի օրգանիզմին, իսկ ըմպելիքի չարաշահումը կարող է հանգեցնել նյարդաբանական խանգարումների։
Էներգետիկ ըմպելիքները խթանում են նաև միզարձակումը, իսկ արժեքավոր հետքի տարրերը, ինչպիսին է կալիումը, որն անհրաժեշտ է սրտի մկանների աշխատանքի համար, մեզի հետ օրգանիզմից դուրս կգան:
Էներգետիկ ըմպելիքներից հնարավոր են նաև թունավորումներ, որոնք արտահայտվում են հետևյալ ախտանշաններով.
բարձր արյան ճնշում,
անքնություն և նյարդայնություն,
դեմքի կարմրություն, ձեռքերում դող,
ստամոքսի խանգարում,
համակարգման բացակայություն,
մարմնի ջերմաստիճանի բարձրացում,
շփոթություն և գիտակցության կորուստ։
Անհրաժեշտ է նշել նաև, որ ամենավտանգավորը դեռահասների կողմից ալկոհոլ պարունակող էներգետիկ ըմպելիքների օգտագործումն է։ Ալկոհոլային են այն էներգետիկ ըմպելիքները, որոնց էթիլային ալկոհոլի պարունակությունը կազմում է պատրաստի արտադրանքի ծավալի 15%-ից պակաս տոնիկ նյութեր: Առավել վտանգավոր են հենց այս ալկոհոլային խմիչքները, քանի որ դրանք արագացնում են ալկոհոլային կախվածության առաջացումը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։