28/11/2022 16:14
Հայաստանն ու Էկվադորը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը
Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Էկվադորի Հանրապետության նորանշանակ դեսպան Խուան Ֆեռնանդո Օլգին Ֆլորեսը (նստավայրը ք. Մոսկվա):
ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է Էկվադորի դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նրան մաղթելով հաջողություններ իր պատասխանատու առաքելության գործում:
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Էկվադորի հետ հարաբերությունները զարգացնելու Հայաստանի շահագրգռվածությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։
Էկվադորի նորանշանակ դեսպանն իր խոսքում նշել է, որ կներդնի իր ջանքերը երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ:
Զրուցակիցներն ընդգծել են, որ այս տարի Հայաստանն ու Էկվադորը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, ինչը լավ առիթ է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկելու համար՝ ի թիվս այլոց երկկողմ քաղաքական ու տնտեսական կապերի սերտացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության զարգացման առնչությամբ։
ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, անդրադարձ է կատարել 44-օրյա պատերազմի և ադրբեջանական ագրեսիաների հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին։
Ներկայացվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ առկա զարգացումները և հայկական կողմի դիրքորոշումները։