28/11/2022 15:10
Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին միջնորդությունը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ԱԱԾ, այս մասին Aysor.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Փաստաբան Զորայր Հարությունյանը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ խափանման միջոց երաշխավորություն կիրառելը թույլատրելի համարելու և նրան կալանքից ազատելու համար։ Էրիկ Ալեքսանյանի դատավարական պարտականությունների պատշաճ կատարումն անձամբ երաշխավորելու պատրաստակամություն են հայտնել ՀՀ ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Գառնիկ Դանիելյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը, Արգիշտի Գևորգյանը, Գեղամ Նազարյանը, Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Գեղամ Մանուկյանը, Թադևոս Ավետիսյանը, Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Աննա Գրիգորյանը և Արամ Վարդևանյանը:
Զորայր Հարությունյանի փոխանցմամբ՝ ԱԱԾ-ից պատասխան դեռևս չի ստացվել։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, բավարարել էր փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Կալանավորվել է նաև նույն գործով անցնող դատավոր Արուսյակ Ալեքսանյանը: Ավելի ուշ դատարանը կալանավորեց նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականին։
Հիշեցնենք` ԱԱԾ-ն մտել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի շենք և ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին և փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։
Ըստ շրջանառվող լուրերի՝ քրեական վարույթը վերաբերում է «Օրենքով գողի»-ն առնչվող գործին։ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն էր ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով անձեռնմխելիությունից զրկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու նպատակով։ ԲԴԽ-ն բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները։
Վարույթը, որի շրջանակներում ձերբակալվել են դատավորը և փաստաբանը, վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասին (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը)։
Էրիկ Ալեքսանյանին մեղսագրվում է օժանդակությունը, նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։
Ինքը՝ Ալեքսանյանը, հայտարարել է՝ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։
«Սա ինձ լռեցնելու փորձ է։ Ես բացարձակապես կալանավորվելուց չեմ վախենում, ես քննության ընթացքում կապացուցեմ, որ ոչ միայն մեղավոր չեմ, այլև որևէ առնչություն չունեմ նրա հետ, ինչ ինձ վերագրվում է», - ասել էր նա։
Ավելի ուշ Ազգային անվտանգության ծառայությունը փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ու դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով մանրամասներ էր հաղորդել։