28/11/2022 16:49
ՀՀ սահմանին պետք է կանգնեն հայ զինվորը, հայ հրամանատարը․ Ո՛չ նավեր են բարձրանալու մեր սարերը, ոչ էլ եվրոպական դիտորդները կամ ՀԱՊԿ-ի զինվորներն են գալու, մեզ համար խրամատներ փորեն․ Սեյրան Օհանյան
Լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն անդրադարձավ ՀԱՊԿ դերակատարմանը հարավկովկասյան տարածաշրջանում և ակնկալիքներին, որոնք այսօր ունի ՀՀ իշխանությունը՝ կառույցից։
«ՀԱՊԿ-ը գլոբալ խնդիրների համար է այս տարածաշրջանում։ Ադրբեջանի հետ հարաբերություններ, սահմանային իրավիճակ, սահմանային պաշտպանության ստեղծում, խրամատավորում և այլն, այս ամենով ՀԱՊԿ-ը չպետք է զբաղվի, պետք է զբաղվի ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը, ինչը չի իրականացրել»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը։
Այս համատեքստում նա հիշատակեց ՀՀ գործող իշխանությունների հակասական հայտարարությունների մասին ևս։
«Մենք համայն աշխարհին ասում ենք՝ դե, սահմաններ են, բարձունքներ են, որոնք «պետք չեն», ձնածածկ ինչ-որ սարեր են, Սև լճի համար հո մենք չենք գնալու կռվենք, բայց մյուս կողմից էլ ասում ենք՝ եկեք և ադրբեջանցիներին հանեք մեր սահմաններից։
Հասկանալի է, որ մենք պետք է խնդրենք, քաղաքական ուղղությամբ աշխատանքներ տանենք, բայց ինձ մոտ՝ որպես զինվորականի, հարց է ծագում՝ ի՞նչ եք արել սահմանների պաշտպանության ուղղությամբ՝ արդեն այս ձևաչափում»,- նշեց պաշտպանության նախկին նախարարը։
Սեյրան Օհանյանը շեշտեց՝ հայ զինվորն ունակ է պաշտպանել իր հայրենիքի սահմանները, ինչը բազմիցս ապացուցել է, և անտրամաբանական է ակնկալելը, որ Հայաստանի սահմանային պաշտպանության հետ կապված բոլոր հարցերը պետք է լուծվեն ՀԱՊԿ-ի կողմից։
«Ես հիմա էլ գտնում եմ, որ ՀՀ սահմանին պետք է կանգնեն հայ զինվորը, հայ հրամանատարը, որոնք ցույց են տվել, որ այնտեղ, որտեղ ունեցել են ժողովրդի, մեր իշխանությունների աջակցությունը, հերոսաբար կռվել են։
Ո՛չ նավեր են բարձրանալու մեր սարերը, ոչ էլ եվրոպական դիտորդները կամ ՀԱՊԿ-ի որևէ երկրի զինվոր է գալու, մեզ համար խրամատներ փորի։
Հարց է ծագում՝ ի՞նչ է, Հայաստանի Հանրապետություն չեն եղե՞լ այդ ինժեներական սարքերը, գործիքները, որ մենք կարողանանք մեր պաշտպանությունն իրականացնել։ Եղել են, պարզապես այսօրվա իշխանությունները չեն կարողանում որոշել այն գերակայությունները, որոնք անհրաժեշտ են»,- խոսքն ամփոփեց Սեյրան Օհանյանը։