28/11/2022 14:07
Հայ շաշկիստների աննախադեպ հաջողությունները՝ Գերմանիայում
Գերմանիայի Սարբրյուկեն քաղաքում տեղի է ունեցել շաշկու 2 մրցաշար՝ «Սարբրյուկեն-օպեն 2022»-ը և Գերմանիայի բաց առաջնությունը:
«Սարբրյուկեն-օպեն 2022»-ում փայլուն է հանդես եկել 2020 թ-ի շաշկու պատանիների Եվրոպայի չեմպիոն Սամվել Ազիբեկյանը (100 վն. շաշկի), որը դարձել է մրցույթի հաղթող։ 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրել են գերմանացիներ Ալեքսանդր Բլեյխերը և Յակոբ Ֆրիսենը:
Գերմանիայի բաց առաջնությունում Գերմանիայի չեմպիոն է դարձել Նշան Ալավերդյանը, փոխչեմպիոն՝ Սամվել Ազիբեկյանը, իսկ 3-րդ տեղը գրավել է Գերմանիայի կրկնակի չեմպիոն Յակոբ Ֆրիսենը:
Պատանիների մեջ լավագույն արդյունքը ցույց է տվել երկու մրցույթներում էլ պատանիների 2019 թ -ի աշխարհի բրոնզե մեդալակիր (Մ-19 տ.)15-ամյա Ռաֆայել Օրդյանը՝ նվաճելով 2 գավաթ:
Իսկ վետերանների միջև 60+ հաշվարկում լավագույնն է եղել Հայաստանի շաշկու ֆեդերացիայի նախագահ՝ Ալբերտ Պողոսյանը, նա արժանացել է հատուկ գավաթի և կազմակերպիչների կողմից պարգևատրվել հատուկ դիպլոմով՝ աշխարհում շաշկի մարզաձևը զարգացնելու համար:
Հատուկ գավաթի (Հայաստանի մարզիկներից լավագույն արդյունք) է արժանացել նաև Հայաստանի շաշկու բազմակի չեմպիոն, Հայաստանի շաշկու ֆեդերացիայի փոխնախագահ Նշան Ալավերդյանը:
Այսպիսով, հայ շաշկիստները Գերմանիայում անցկացված երկու մրցույթում միասին նվաճել են 7 գավաթ, ինչն աննախադեպ արդյունք է Հայասատանի շաշկու պատմության մեջ:
Պետք է նշել նաև, որ հերթական անգամ Հայաստանի բոլոր մասնակիցները մասնակցել էին այդ մրցույթներին սեփական միջոցներով, որովհետև շաշկի մարզաձևը չունի պետական ոչ մի աջակցություն Հայաստանում, չնայած վերջին տարիներին գրանցած մեծ հաջողությունների միջազգային ասպարեզում: