28/11/2022 20:27
«Երկրի էներգահամակարգի մոտ 50 տոկոսը շարքից դուրս է եկել»․ Ուկրաինայի ամբողջ տարածքում հոսանքազրկումներ են
Ուկրաինայի ամբողջ տարածքում էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են տեղի ունենում, հայտարարել է «Ուկրէներգո»-ն։
«Նոյեմբերի 28-ի դրությամբ էլեկտրէներգիայի դեֆիցիտի կտրուկ աճով պայմանավորված՝ իրականացվում են վթարային հոսանքազրկումներ՝ Ուկրաինայի ամբողջ տարածքում։ Հզորության դեֆիցիտի կտրուկ աճի պատճառը մի քանի էլեկտրակայանների բլոկերի վթարային անջատումն է»,- հայտարարել է ընկերությունը։
«Ուկրէներգո»-ն հայտնել է նաև, որ էլեկտրաէներգիայի դեֆիցիտը երկրում 27 տոկոս է կազմում։
Նշենք, որ նոյեմբերի 18-ին Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել էր, որ երկրի էներգահամակարգի մոտ 50 տոկոսը շարքից դուրս է եկել, իսկ նոյեմբերի 23-ին Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակն ասել էր, որ Ուկրաինայում էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումները կարող են ձգվել մի քանի շաբաթ։