29/11/2022 19:41
Համերաշխ ամուսիններն ավելի առողջ են լինում և ավելի երկարակյաց․ Ինչ բարենպաստ ազդեցություն են ունենում զույգերը միմյանց առողջության վրա
Ամուսնական զույգերը, սիրահարներն ու զուգընկերներն իրենց դրական ու բացասական ազդեցություն ունեն միմյանց առողջության ու կյանքի որակի վրա։
Տարբեր ժամանակներում գիտական բազմաթիվ հետազոտություններ են արվել այս թեմայով, որոնց ընդհանրական եզրակացությունը մեկն է․ անկախ այն հանգամանքից՝ կինն ու տղամարդը նորապսակներ են, թե միասին ապրում են կամ հարաբերությունների մեջ են գտնվում երկար տարիներ, նրանք միմյանց առողջության վրա թողնում են իրենց ակնհայտ ազդեցությունը։
Ուսումնասիրությունների արդյունքում ապացուցվել է՝ լավ փոխհարաբերություններ պահպանող զույգերն ավելի առողջ են լինում, ավելի քիչ են առողջության հետ կապված խնդիրներ ունենում և ավելի երկարակյաց են լինում։ Անառողջ հարաբերությունները հակառակ իրավիճակին են հանգեցնում։
Ինչ բարենպաստ ազդեցություն են ունենում զույգերը միմյանց առողջության վրա
Ամերիկյան Կոլորադոյի համալսարանի և իսրայելական Հայֆայի համալսարանի գիտնականները պարզել են, որ սիրելիի հպումը թուլացնում է ցավը՝ կանանց մոտ․ միմյանց հպվելիս զույգերի սրտի աշխատանքի և շնչառության ռիթմը սինխրոնանում է, և կնոջ մարմնի այս կամ այն հատվածում եղած ցավի զգացողությունն աստիճանաբար թուլանում է։
Լոնդոնի համալսարական քոլեջի գիտնականները (UCL) պարզել են, որ վնասակար սովորություններից ազատվելու հավանականությունը կրկնակի մեծանում է, եթե զուգընկերը կամ ամուսինը նույնպես որոշում է ազատվել դրանից։ Գիտնականները նախկինում ծխող կանանց շրջանում անցկացված հետազոտության արդյունքում պարզել են՝ նրանց 50 տոկոսն այդ կախվածությունը հաղթահարել է զուգընկերոջ կամ ամուսնու հետ միաժամանակ։ Կանայք, որոնք միայնակ են ազատվել նիկոտինից կախվածությունից և որոնց ամուսինները կամ զուգընկերները չեն հրաժարվել ծխելուց, կազմել են ընդամենը 17 տոկոսը։
Մեկ այլ հետազոտություն էլ անցկացրել են Բալթիմորի Ջոն Հոփքինսի անվան բժշկական դպրոցի գիտաշխատողները և պարզել, որ ամուսիններից կամ զուգընկերներից մեկի ֆիզիկական վիճակի բարելավումն օգնում է մյուսին՝ հասնելու նույն արդյունքին։ 6 տարվա ընդմիջումով անցկացված երկու բուժզննումների ժամանակ զույգերին տրվել են հարցեր՝ վերաբերող նրանց ֆիզիկական ակտիվությանը, ապա նաև ցուցումներ՝ այդ ցուցանիշները բարելավելու համար։ Առաջին բուժզննման ժամանակ մասնագետների տված ցուցումներին հետևած կանանց ամուսինների 70 տոկոսի մոտ երկրորդ բուժզննման ժամանակ գրանցվել են ֆիզիկական ակտիվության նույն ցուցանիշները, ինչ նրանց կանանց մոտ են գրանցվել։ Իսկ պասիվ կանանց ամուսինների մոտ այդ ցուցանիշը 70 տոկոսով ավելի քիչ է եղել։ 40 տոկոս էլ կազմել են իրենց ֆիզիկական վիճակն ու առողջությունը բարելաված այն կանայք, որոնց ամուսիններն են հետևել առաջին բուժզննման ժամանակ մասնագետների տված ցուցումներին։
Կանադայի Վաթերլոոյի համալսարանի գիտնականներն էլ ապացուցել են, որ միասին երկար տարիներ ապրող ամուսիններն ազդում են միմյանց մաշկի միկրոբիոմի վրա։ Համակարգչային ալգորիթմով սահմանվել են այնպիսի զույգեր, որոնց մաշկի միկրոբիոմի համանմանությունը 86 տոկոս է կազմել։ Մաշկի մակերեսի ամենանման հատվածները ոտնաթաթերն են եղել։ Գիտնականները դրան պարզ բացատրություն են տալիս․ զույգերն օգտվում են նույն լոգասենյակից, ոտաբոբիկ քայլում են գետնի նույն մակերեսի վրայով, ինչը յուրահատուկ կենսաբանական միջավայր է ստեղծում այդպիսի փոխազդեցության համար։
Մեծ Բրիտանիայի Քարդիֆի համալսարանի գիտականները, ընդհանրացնելով տարբեր հետազոտությունների արդյունքներ, եկել են եզրահանգման, որ երկար տարիներ ձգվող, լուրջ հարաբերությունների դրական ազդեցությունը մարդկանց օրգանիզմի վրա ժամանակի ընթացքում ավելի է մեծանում։ Ամուսնական զույգերը միջինում ավելի երկարակյաց են լինում, քան չամուսնացած մարդիկ։ Կանայք, որոնք լուրջ փոխհարաբերությունների մեջ են զուգընկերոջ հետ, հոգեբանորեն ավելի առողջ են լինում, իսկ տղամարդիկ ավելի լավ ֆիզիկական վիճակում են գտնվում։
Ապացուցվել է նաև, որ առողջ փոխհարաբերություններ ունեցող ամուսինների մոտ բարդ հիվանդությունների հետևանքներն ավելի թեթև են արտահայտվում, իսկ հիվանդություններն ավելի քիչ են լինում։ ԱՄՆ-ի Միչիգանի համալսարանի գիտնականներն, օրինակ, պարզել են, որ համերաշխ ապրող տարեց ամուսինները քրոնիկական հիվանդություններով շատ ավելի քիչ են տառապում, իսկ օրինակ՝ կորոնար զարկերակի շունտավորման վիրահատությունից հետո նրանց կյանքի տևողությունը երկարացնելու շանսերը մոտ երեք անգամ ավելի մեծանում են։ Բացի այդ, ամուսնական զույգերի մոտ սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկն ավելի քիչ է, քան միայնակ մարդկանց, ամուսնալուծվածների կամ այրիների շրջանում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։