29/11/2022 13:29
«Վերածնվող Հայաստան» կուսակցության գործընկերների հետ ունեցել ենք անկեղծ քննարկում. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարությամբ է հանդես եկել։
««Վերածնվող Հայաստան» կուսակցության մեր գործընկերների հետ ունեցել ենք անկեղծ քննարկում, տեղյակ ենք եղել որոշումից:
Արձանագրենք, որ մեր համատեղ քաղաքական նպատակադրման, սկզբունքների մեջ ոչինչ չի փոխվել: Հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների որոշմանը:
Վստահ ենք՝ քաղաքական այս պայքարում դեռ շարունակական ու համատեղ անելիքներ շատ կան», - ասվում է հայտարարությունում։
Հիշեցնենք՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում։
Կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, օրենքով սահմանված կարգով դիմում են ներկայացրելիրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ:
Զեմֆիրա Միրզոևան, ով ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացնում է Հայաստանի ասորական համայնքն ու խորհրդարան է անցել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների «Հայաստան» դաշինքի համապետական ցուցակի երկրորդ մասով ազգային փոքրամասնությունների համար նախատեսված քվոտայով, կշարունակի պատգամավորական գործունեությունը՝ սեփական դիմումի համաձայն ժամանակավորապես սառեցնելով կուսակցությանն իր անդամությունը։