29/11/2022 09:56
«Փաստ». Ռուբեն Վարդանյանի նշանակումը լեգիտիմացնում է Արցախյան հարցի չլուծված լինելը. Քաղաքագետ
«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ Ադրբեջանի նախագահը հիստերիայով է արձագանքում Ռուբեն Վարդանյանի՝ ոչ միայն Արցախի Հանրապետության պետնախարար նշանակվելուն, այլև նրա հայտարարություններին, հասկանալի է: Սակայն, ուշագրավ է, որ բավականին նյարդայնանում են նաև հայաստանյան որոշ շրջանակներ: Ալիևի նյարդային վիճակը քաղաքագետ Գագիկ Համբարյանը պատահական չի համարում:
«Ռուբեն Վարդանյանի նման մարդու՝ պետնախարար նշանակվելը պատահական չէ. ամենահարուստ հայերից մեկը չէր կարող հենց այնպես հայտնվել Ստեփանակերտում ու նշանակվել այդ պաշտոնին: Համապատասխան կենտրոններից նա «դաբրո» ունի, ու Ալիևի այդ նյարդային արձագանքը ցույց է տալիս, որ վերջինս այդ կենտրոնների հետ ոչ բարիդրացիական և ոչ լավ հարաբերություններ ունի: Պետնախարար նշանակվելու փաստը Ադրբեջանի համար անընդունելի է նաև այն առումով, որ Ռուբեն Վարդանյանը, ի տարբերություն Արայիկ Հարությունյանի, կապիտուլյանտ չէ, որի մասին ինչ ուզեն, կասեն»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը: Նրա կարծիքով, այստեղ կարևոր է նաև հոգեբանական պահը:
«Անգամ պետնախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի նշանակումը լեգիտիմացնում է Արցախյան հարցի չլուծված լինելը: Ռուբեն Վարդանյանի նշանակումով ապացուցվում է, որ հարցը լուծված չէ, մինչդեռ ադրբեջանական կողմը հակառակի մասին է պնդում: Եվ հենց նշվածով է պայմանավորված, որ Բաքուն ու իրեն սատարող ուժերը նյարդային, ջղաձիգ հայտարարություններով են հանդես գալիս: Սա՝ այս պահի դրությամբ: Չի բացառվում, որ կոնկրետ գործի էլ անցնեն»,-եզրափակեց Գագիկ Համբարյանը»։