29/11/2022 20:05
Ուկրաինայում էլեկտրաէներգիայի դեֆիցիտ է, հոսանքազրկումներ են երկրի ամբողջ տարածքում
Ուկրաինայում էլեկտրաէներգիայի դեֆիցիտը հասել է 30 տոկոսի, արտադրողներն ապահովում են երկրում սպառվող էլեկտրաէներգիայի 70 տոկոսը, հայտարարել է «Ուկրէներգո»-ն։
«Նոյեմբերի 29-ի դրությամբ էլեկտրաէներգիա արտադրողներն ապահովում են Ուկրաինայում սպառվող էլեկտրաէներգիայի ծավալի 70 տոկոսը։ Հզորության դեֆիցիտը ներկա դրությամբ 30 տոկոս է կազմում»,- նշված է «Ուկրէներգո»-ի հայտարարությունում։
Նշենք, որ նախօրեին «Ուկրէներգո»-ն հայտնել էր, որ էլեկտրաէներգիայի դեֆիցիտը Ուկրաինայում 27 տոկոս է կազմում։
«Նոյեմբերի 28-ի դրությամբ էլեկտրէներգիայի դեֆիցիտի կտրուկ աճով պայմանավորված՝ իրականացվում են վթարային հոսանքազրկումներ՝ Ուկրաինայի ամբողջ տարածքում։ Հզորության դեֆիցիտի կտրուկ աճի պատճառը մի քանի էլեկտրակայանների բլոկերի վթարային անջատումն է»,- հայտարարել էր ընկերությունը։
Ուկրաինայի ամբողջ տարածքում հոսանքազրկումները շարունակվում են։