29/11/2022 10:29
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացիներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 29-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով կրթության կարևորության մասին, մի քանի անգամ կրկնեց, որ այն մարդիկ, որոնք պատրաստ են 75,000 դրամ աշխատավարձով աշխատել, չունեն կրթություն:
«Կրթությունը նրա մասին է, որ մենք մարդուն հնարավորություն տանք, որ ինքը ստիպված չլինի ամիսը 75,000 դրամով աշխատել։ Եթե մարդը 75,000 դրամ աշխատավարձով ամիսը աշխատում է, եկեք հասկանանք՝ դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ մարդը նորմալ կրթություն չի ստացել»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Փաստերի ստուգման հարթակ»-ը որոշել է պարզել, թե Հայաստանում կրթության ոլորտում աշխատող քանի մասնագետ է ստանում ամսական 75,000 դրամից պակաս աշխատավարձ։
Հայաստանում մոտ 5000 ուսուցիչներ ստանում են 75 հազար դրամից պակաս աշխատավարձ։ ՊԵԿ-ի խնդրանքով մի քանի լրացուցիչ հարցումներ ուղարկելուց հետո, ի վերջո, ստացել են ավելի քան 40 դասակարգիչների (մասնագիտացումների) քանակական տվյալներ, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր դասակարգչի տակ գրված քանակի աշխատողներ ամսական ստանում են 75,000 դրամից պակաս աշխատավարձ։
Եվ այսպես, ըստ ՊԵԿ-ից ստացված տվյալների՝ Հայաստանում բարձրագույն կրթություն ստացած, կրթության ոլորտում աշխատող մոտ 5000 մարդ ստանում է մինչև 75,000 դրամ աշխատավարձ։
Առավել մեծ թիվ են կազմում քոլեջների և բուհերի դասախոսները։ 722 դասախոս ամսական ստանում է մինչև 75,000 դրամ աշխատավարձ։ Նույնչափ աշխատավարձ է ստանում նաև 640 գրադարանավար, 509 լաբորանտ, 248 օտար լեզվի և գրականության ուսուցիչ, 257 հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, 229 հոգեբան, 217 մաթեմատիկայի ուսուցիչ և այլն։ Ընդհանուր առմամբ, Հայաստանում ավելի քան 2400 ուսուցիչ ամսական ստանում է մինչև 75,000 դրամ աշխատավարձ։
Այսպիսով, փաստենք, որ վարչապետի կողմից արված պնդումն այն մասին, որ 75 հազար դրամ աշխատավարձով աշխատող մարդը կրթություն չի ստացել, փաստացի սխալ է. Հայաստանում հազարավոր բարձրագույն կրթություն ստացած անձինք աշխատում են ամսական մինչև 75 հազար դրամ աշխատավարձով։ Նա թերևս հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացիներին»։