29/11/2022 10:22
«Ժողովուրդ». Ովքեր են եղել ՔՊ խմբակցության հյուրերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 28-ին, խորհրդարանական մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, աշխատանքային քննարկում-նիստի ժամանակ մի քանի հյուրերի է ընդունել- ճանապարհել:
Բանն այն է, որ խորհրդարանականներն առաջիկայում Կենտրոնական բանկի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, Հաշվեքննիչ պալատի անդամներ պետք է ընտրեն, ու, մեր տեղեկություններով, ՔՊ-ականները երեկ վերոնշյալ կառույցների անդամ դառնալ ցանկացող թեկնածուների հետ են հանդիպել, քննարկում ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկութուններով՝ Կենտրոնական բանկի անդամ դառնալ են ցանկանում Նարեկ Ղազարյանն ու Արմեն Նուրբեկյանը: Նրանք երեկ հանդիպել են իշխող մեծամասնության հետ, քննարկում ունեցել:
Քաղաքական իշխանությունը, մեզ հասած լուրերի համաձայն, դեմ չէ ո՛չ Ղազարյանի, ո՛չ Նուրբեկյանի թեկնածությանը: Տեղեկացանք նաև, որ նրանք երկուսն էլ ԿԲ-ի հին կադրերից են: Որպես Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու՝ իշխանությունը մտադիր է Գագիկ Բարսեղյանին ներկայացնել ու սատարել: Նա, նշենք՝ ԱԺ բյուջետային գրասենյակի փորձագետ է: Ինչ վերաբերում է ՀՌՀ անդամի թեկնածությանը, ապա նիստին մասնակցած պատգամավորները մեզ տեղեկացրին, որ երիտասարդ աղջկա միայն անունն են հիշում՝ Լենա: Ինչ վերաբերում է նրան՝ որպես ՀՌՀ անդամի թեկնածու առաջադրելուն ու սատարելուն, ապա ՔՊ-ում այդ մասով դեռևս վերջնական տեսակետ չկա: Փաստն այն է, սակայն, որ ՀՌՀ անդամ դառնալ ցանկացող աղջիկը նիստին մասնակցող առանց այն էլ սակավաթիվ պատգամավորների մոտ չի տպավորվել, և որևէ մեկը նրա ազգանունը չէր մտաբերում:
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ նկատեց, որ 71 պատգամավոր ունեցող խմբակցության աշխատանքային նիստին երեկ մեկ տասնյակին մոտ մարդ էր մասնակցում: ՔՊ-ական պատգամավորներից շատերն անգամ տեղյակ էլ չէին, որ նիստ ունեն: Դա, թերևս, խորհրդարանական աշխատանքի նկատմամբ ունեցած նրանց վերաբերմունքի ու խմբակցության ղեկավարության աշխատեալոճի մասին է վկայում»։