30/11/2022 18:42
Ի՞նչ օգտակար և վնասակար ազդեցություն կարող է ունենալ սոդայի արտաքին և ներքին օգտագործումը
Միշտ չէ, որ բուժման վերաբերյալ բժիշկների կարծիքները համընկնում են ձևավորված ավանդական կարծիքի հետ։ Մասնավորապես, տարաձայնություններ կան սոդայի վերաբերյալ, ինչը կարող է առողջության վրա ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն։
Նատրիումի բիկարբոնատը՝ սոդան, լայնորեն կիրառվում է առօրյա կյանքում և արդյունաբերության մեջ՝ ներառյալ դեղագործությունը, բժշկությունը և շատ այլ ոլորտներ։ Սոդայի օգտագործումը խոհարարության և սննդի մեջ բացատրվում է ալկալիի՝ տաքացնելիս ածխաթթու գազ արտազատելու ունակությամբ։
Այս միացությունը վաղուց օգտագործվել է բուժական նպատակներով՝ շնորհիվ իր հակասեպտիկ, ալկալային, խորխաբեր և փափկեցնող հատկությունների։ Սոդայի լուծույթը օգտագործվում է որպես առողջության ամրապնդման համալիրի մաս՝ վերականգնելու արյան pH-ը զանգվածային այրվածքների, ծանր թունավորման, դիաբետիկ կոմայի և այլնի հետևանքով առաջացած նյութափոխանակության խախտման դեպքում։
Այլընտրանքային բժշկության մեջ սոդան օգտագործվում է բերանի խոռոչի հակասեպտիկ բուժման, տհաճ հոտի չեզոքացման և ատամների սպիտակեցման համար, խորհուրդ է տրվում կիրառել կոկորդի բորբոքման, մրսածության ժամանակ խորխի վատ արտանետման պարագայում։
Ստամոքսի թթվայնությունը նորմալացնելու համար այս միջոցի կիրառումը բժշկությունը խիստ հավանություն չի տալիս կողմնակի ազդեցությունների մեծ հավանականության պատճառով: Մասնագետները հորդորում են զգուշանալ և բացառել սոդայի կիրառումը՝ որպես ստամոքսի ցավերից ազատվելու միջոց։ Առաջին հայացքից այն կարող է արդարացնել իրեն՝ որպես այրոցի և ստամոքսի ցավի թթվայնության կարգավորիչ, սակայն հետագայում նկատելի կլինեն մի շարք բացասական հետևանքներ։
Սոդան լայն կիրառություն ունի նաև արտաքին օգտագործամ մեջ.
փափկեցնում է արմունկի կարծրացած հատվածները, վերացնում չոր կոշտուկներն ու հարթեցնում մաշկը,
կանխում է մոծակների և այլ միջատների խայթոցով պայմանավորված մաշկի գրգռվածությունը,
օգտակար է միկոտիկ վնասվածքներով եղունգների և մաշկի բուժման համար:
Նատրիումի բիկարբոնատը ունի ալկալային մի շարք հատկություններ, որոնք կարող են հակառակ ազդեցությունն ունենալ։ Ուստի պետք է զգույշ լինել՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին օգտագործման ժամանակ:
Սոդայի չոր փոշին գրգռում է լորձաթաղանթները. դրա պատահական ներշնչումը կամ աչքերի հետ շփումը առաջացնում է համապատասխան ռեակցիա (հազ, արցունքաբերություն) և կարող է հանգեցնել քիմիական այրվածքների:
Գրանցվել են նաև սոդայից թունավորման մի շարք դեպքեր. Հիմնական ախտանիշները ներառում են՝
սրտխառնոց և փսխում,
սրտի գործունեության խախտում, արյան ճնշման բարձրացում,
այտուցվածություն,
գլխապտույտ, ասթենիա,
փքվածության երկարատև զգացում,
փորկապություն,
մկանային սպազմ,
ալերգիկ դրսևորումներ և այլն։
Այս նյութի հաճախակի և անկանոն օգտագործումը հանգեցնում է մարմնի ալկալիզացմանը և ալկալոզի նյութափոխանակության զարգացմանը: Սա վտանգավոր պաթոլոգիական վիճակ է, որի դեպքում խախտվում է աղիքների աշխատանքը, վատանում է օրգանների արյունամատակարարումը և առաջանում են ցնցումներ։ Եթե արյան pH-ը գերազանցում է 7.7-ը, ապա մահվան հավանականությունը մեծ է։
Մասնագետները խորհուրդ են տալիս սոդան օգտագործել հիմնականում այն նպատակներով, որոնք չունեն երկակի ազդեցության վտանգ և հաստատված են ժամանակի և կիրառության մեջ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։