30/11/2022 10:28
«Ժողովուրդ». Ինչու է առկախվել Մնացական Մարտիրոսյանի նշանակման հարցը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանին Հակակոռուպցիոն դատարանում դատավոր նշանակելու հարցը առկախել է: Ըստ էության, նախագահականում սպասում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմանը:
«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ վերջին օրերին ՀՀ նախագահը մի շարք դատավորներ է նշանակել, ավելին՝ նաև նախագահականում դատավորների երդման արարողություններ են կայանում, սակայն Մնացական Մարտիրոսյանի նշանակման հարցը դեռ չի լուծվում: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ թեև ողջ մասնագիտական ու քաղաքական հանրույթը քննարկում է հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր դառնալու հավանականությունը, սակայն ամեն ինչ դեռ վերջնական չէ: Միայն մեկ մարդ է որոշելու՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը ընտրվելու է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, թե ոչ, և այդ մեկ մարդը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:
Հիշեցնենք, որ դատական համակարգը կոռումպացվածներից և մաֆիոզներից ազատելու առաքելությամբ Բարձրագույն դատական խորհուրդ գործուղված Կարեն Անդրեասյանի ղեկավարման օրոք Մնացական Մարտիրոսյանը ԲԴԽ-ի կողմից ընտրվեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, և հիմա նրա նշանակման դիմումը ուղարկվել է ՀՀ նախագահին, որ ստորագրի»։