30/11/2022 15:30
Եթե նոր պոչամբար ստեղծեին, այս խնդիրը չէր լինի. Բնապահպանն ասում է՝ ԶՊՄԿ-ի ղեկավարությունը չի արձագանքում նամակներին
Մամուլում հրապարակումներ եղան, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարը պայթել է, թափոնաջրերը լցվել են Ողջի գետն ու պոչամբարի հարակից բնակավայրերը: Համացանցում այսօր նաև տեսանյութ տարածվեց աղտոտված Ողջի գետից։
Aysor.am-ի հետ զրույցում բնապահպան Սիլվա Ադամյանն ասաց, որ դեռևս մի քանի ամիս առաջ են հասարակական կազմակերպությունները բարձրաձայնել այս խնդրի մասին, նամակ են ուղարկել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատի ղեկավարությանը։
«Արծվանիկի պոչամբարի վերաբերյալ նամակ ենք գրել, տեղեկացրել ենք, որ պոչհանքը լցված է, վթարային իրավիճակ է ստեղծվել, ի՞նչ է մտածում կոմբինատն այդ մասին, քանի որ պատրաստվում է ավելացնել իր գործողությունների ծավալը։ Այս նամակի պատասխանը մենք այդպես էլ չստացանք։ Դրանից հետո արդեն մամուլի ասուլիս ենք հրավիրել, որտեղ դարձյալ խոսել ենք այդ խնդիրների մասին։ Փաստացի, իրենք ոչ մի նամակի չեն պատասխանում, հակառակ դեպքում այսօր այս վիճակը չէր լինի։ Եթե ԶՊՄԿ-ն փորձեր համագործակցել մասնագետների հետ, հասկանալ, թե իրավիճակն ինչպիսին է, այսօր այս վթարը չէինք ունենա», - ասաց Սիլվա Ադամյանը։
Բնապահպանն ասում է, որ խնդիրն այսքան մեծ չէր լինի, եթե կոմբինատի ծավալները կրճատվեին, մինչդեռ դրանք ավելի են շատացել.
«Մենք իրենց հարց էինք ուղղել՝ եթե նոր պոչհանք եք բացում, որտե՞ղ է լինելու այդ պոչամբարը, ինչ երաշխիքներ եք տրամադրում, որ այն նորմալ կահագործվի։ Մենք իրատես մարդիկ ենք և հասկանում ենք, որ Քաջարանի կոմբինատը չի կարող կանգնել, պարզապես պետք էր նոր պոչամբար ստեղծել։ Այն չի ստեղծվել, հիմնվել են հին պոչամբարի վրա, հետևանքն էլ եղել է այն, ինչ եղել է»։
Սիլվա Ադամյանի խոսքով՝ շրջակա միջավայրի վրա տեղի ունեցածը սարսափելի ազդեցություն կարող է ունենալ։
«Պետք է տեսնել, թե ինչպես է տեղի բնակչությունն օգտվում Ողջի գետից։ Մինչդեռ ԶՊՄԿ-ն հաշվի չի առել ոչ մի բան։ Ամբողջ ցանքատարածություններն օգտվում են այդ գետից, մարդիկ գյուղատնտեսական կուլտուրաներ են աճեցնում, և հիմա պարզ է չէ՞, թե այդ ջրով ջրելիս ինչպիսի հեռևանքնաներ կարող ենք ունենալ։ Սա շատ լուրջ խնդիր է», - ասաց բնապահպանը։