30/11/2022 12:45
Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը հյուրախաղերով հանդես կգա Թբիլիսիում
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը հոբելյանական 85-րդ համերգաշրջանին ընդառաջ` դեկտեմբերի 2-ին և 3-ին հյուրախաղերով հանդես կգա Թբիլիսիում:
Դեկտեմբերի 2-ին Վիրահայոց թեմի Թբիլիսիի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնի սրահում տեղի կունենա ստեղծագործական հանդիպում Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր համույթի անձնակազմի հետ: Կներկայացվի Հովհ. Թումանյանի «Անուշ» պոեմի և Կոմիտասի մեղեդիների հիման վրա գրված «Անուշ» երաժշտական դրաման (հատվածաբար):
Ստեղծագործական հանդիսությունը կվարի անսամբլի գեղարվեստական խորհրդատու, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր-երգիչ, պրոֆեսոր Արզաս Ոսկանյանը: Նա հանդիսանում է նաև երաժշտական ներկայացման հեղինակը:
Դեկտեմբերի 3-ին Վախթանգ Սալարիձեի անվան համերգային դահլիճում Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը կներկայանա համերգային նոր հավաքական ծրագրով` կազմված անսամբլի տարբեր տարիների լավագույն ստեղծագործություններից: