01/12/2022 21:00
Ինչպե՞ս կառուցել լուրջ հարաբերություններ հակառակ սեռի հետ, լինել ինքնաբավ ու երջանիկ․ Հոգեբանները բացահայտում են «ոսկե գաղտնիքը»
Ժամանակակից կանայք հստակ չափորոշիչներ ունեն, թե ինչպիսին պետք է լինի իրենց ընտրյալը։ Տղամարդու հետ լուրջ հարաբերություններ կառուցելու հեռանկարում դա կարևոր քայլ է համարվում, սակայն հոգեբանները նշում են՝ եթե կինը չափից շատ է կենտրոնանում այն հարցի վրա, թե ինչ է ակնկալում զուգընկերոջից, նրա ուշադրությունն ավելի շատ սևեռվում է տղամարդու թերությունների վրա, և դա տեղի է ունենում ակամայից։ Սկզբում կինն ակնկալում է որոշակի վարքագիծ և որոշակի դրսևորումներ՝ տղամարդու կողմից, ապա սկսում է պահանջել դա, հետո՝ մեղադրել, ապա հեռանում է։ Այսպիսով, ենթագիտակցորեն կենտրոնանալով հակառակ սեռի թերությունների վրա, կինն աստիճանաբար, բայց հստակ քայլերով կարող է խարխլել տղամարդու հետ հարաբերությունները՝ ձևավորված միությունը, նույնիսկ ամենավաղ փուլում։
Ո՞րն է, ուրեմն, երջանիկ հարաբերություններ կառուցելու «ոսկե գաղտնիքը» ․ հոգեբանները նշում են՝ հարկավոր է ուշադրությունն ավելի շատ սևեռել սեփական անձի, քան զուգընկերոջ վրա․ գիտակցված ինքնավերլուծության արդյունքում հստակ տարբերակել սեփական ցանկություններն ու պահանջմունքները։ Այսպիսի ինքնավերլուծության արդյունքում կինն աշխարհին սկսում է այլ կերպ նայել, զուգահեռաբար՝ ինքնակատարելագործվել, զարգանալ, ապա՝ հստակ գիտակցել՝ ինչ կարող է տալ զուգընկերոջը և ինչ դեր կարող է խաղալ նրա կյանքում։
Եթե կինն իսկապես ուզում է լուրջ հարաբերություններ կառուցել տղամարդու հետ, ապա պետք է մտովի հասունանա՝ հասնի գիտակցության այդ կետին։ Լուրջ հարաբերությունների ձգտող կինը պետք ընտրություն կատարի հօգուտ հասուն կնոջ, ոչ թե հօգուտ հասուն կնոջ մարմնում ապրող աղջնակի, հակառակ դեպքում մեծ է հավականությունը, որ «աղջկական» ակնկալիքները չեն արդարանա՝ նվերները միշտ փոքր կթվան, ուշադրությունը՝ միշտ քիչ, սեփական վարքագծով սիրելիին «պատժելու» ցանկությունը՝ գերակա, ինչն աստիճանաբար կհոգնեցնի ու կվանի տղամարդուն։ Այսպիսի իրականությունում ապրող կինը «բաղկացած» է միայն չարդարացվող ակնկալիքներից, կախվածության մեջ է իր իսկ անվերջանալի պահանջներից, իսկ այդ ընթացքում տղամարդու մոտ աստիճանաբար ինքնապաշտպանական ռեակցիա է զարգանում, որը կարող է արտահայտվել ագրեսիայով կամ պարզապես թողնել, փախչելու ցանկությամբ։ Միայն սեփական անձի գիտակցված, լուրջ ինքնավերլուծությունն ու կարծրատիպային համոզմունքները փոխելուն ուղղված աշխատանքը կարող են օգնել մեծանալ, հասունանալ, աղջնակից վերածվել իսկական կնոջ։
Հասուն կինը հանդես է գալիս տղամարդուն անկեղծ սիրելու ցանկության «դիրքից»․ նա սիրում է սիրել և սիրում է ոչ թե նրա համար, որ իր պահանջները բավարարվեն, այլ քանի որ դա բնական է։ Տալու, նվիրաբերելու, զուգընկերոջ մեջ տղամարդ տեսնելու, առնականություն զգալու ունակությունն է հատուկ հասուն կնոջը։ Դա թույլ է տալիս նաև զուգընկերոջ հետ ընդհանուր «տարածքում» լինել ազատ ու տալ ազատություն, լինել ինքնաբավ և չխախտել մյուսի սահմանները, կարողանալ հավասարության հասնել երկու հոգու միությունում՝ կայացնել որոշումներ ու միևնույն ժամանակ անկեղծորեն ընդունել՝ տղամարդն իրավունք ունի վարվել այնպես, ինչպես անհրաժեշտ է գտնում և իրավունք ունի ընդունել ինքնուրույն որոշումներ։
Մտովի հասուն կնոջ կողքին տղամարդն ակամայից ցանկանում է լինել ընկեր, պաշտպան ու զուգընկեր՝ միևնույն ժամանակ։ Նրան ձգում է այդպիսի կինը, քանի որ նրա հետ կարելի է խոսել նաև խնդիրների մասին, բայց այդ ամենից զատ, տղամարդու մոտ անկեղծ ցանկություն է արթնանում ավելի ու ավելի շատ բան տալ նման կնոջը, ավելի «ուժեղացնել» նրան և դառնալ ավելի լավը։
Իրական, լուրջ հարաբերություններ կառուցելու ճանապարհին ինքնաբավ անհատները մնում են ազատ, չեն կորցնում սեփական «ես»-ը, բայց նաև միաձուլվում են իրար, փոխլրացնում ու անվերջ կատարելագործվում են՝ չկորցնելու, պահպանելու և զարգացնելու համար առողջ ու կայուն փոխհարբերությունները, քանի որ ժամանակի ընթացքում ավելի ու ավելի շատ են հասկանում դրա կարևորությունը և արժեքը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։