01/12/2022 10:14
«Հրապարակ». Սահմանադրական փոփոխությունների խոստումը հերթական փուչիկն էր՝ հանրային դիմադրությունը թուլացնելու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը երեկվա նիստում «առաջընթաց» գրանցեց՝ որոշվեց, որ Հայաստանը պետք է շարունակի շարժվել նախկինների սցենարով՝ հավատարիմ մնալով գործող խորհրդարանական կառավարման ձևին։ Կառավարման ձևի պահպանմանը դեմ քվեարկեց միայն Մասիս Մելքոնյանը, ձեռնպահ՝ Տիգրան Եգորյանը, մյուսները կողմ էին։
Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանին դուր է եկել 2015-ի սահմանադրական փոփոխություններով Սերժ Սարգսյանի համար «կարված կոստյումը», որի մեջ ինքը հարմարավետ տեղավորվել է։ Եվ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, որի կազմում են էդմոն Մարուքյանը, Դանիել Իոաննիսյանը, Արթուր Սաքունցը, Գրիգոր Մինասյանը և այլք, քվեարկեցին այդ «կոստյումի» երկարակեցության օգտին։
Հետո մի քանի ոչ էական հոդվածների փոփոխություններ կանեն, ասենք՝ նախագահին մի երկու արարողակարգային լիազորություն կավելացվի, ինչը կնշանակի, որ սահմանադրական փոփոխությունների խոստումը հերթական փուչիկն էր՝ հանրային դիմադրությունը թուլացնելու համար»։