01/12/2022 12:05
2021 թվականին Հայաստանում աղքատությունը կազմել է 26,5 տոկոս. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանում աղքատության ցուցանիշներին։
«Պիտի արձանագրեմ, որ 2021 թվականին Հայաստանում աղքատությունը կազմել է 26,5 տոկոս, ընդ որում, եթե մենք համեմատում ենք 2020 թվականի հետ, ունենք աղքատության որոշակի նվազում, իսկ 2019-ի նկատմամբ՝ 0,1 տոկոսային կետով ունենք աղքատության ավելացում», - ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում ծայրահեղ աղքատության ցուցանիշը 0,1 տոկոսով աճել է։
«Ցավոք, մենք աղքատության ցուցանիշների վերաբերյալ ավելի օպերատիվ տվյալներ չունենք, չենք ունենում ու ինձ հավաստիացրել են, որ դա միջազգային ստանդարտ է, ոչ մի երկրում տվյալ տարվա օպերատիվ տվյալները չեն ունենում։ Ամեն դեպքում, ես համապատասխան հանձնարարականը տվել եմ, որ մենք մեր աղքատության կառուցվածքը պետք է խորը վերլուծենք ու աղքատության հաղթահարման ռազմավարութունը մշակենք մեր գաղափարաբանության շրջանակներում, իսկ գաղափարաբանությունը հետևյալն է՝ աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքի միջոցով, այլ տարբերակ չկա», - ասաց վարչապետը: