01/12/2022 12:44
Եզակի ցուցանմուշներ՝ Ավետիք Իսահակյանի Գյումրիի հուշատուն-թանգարանում
Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանում է մինչ այժմ գրականության մեջ անհայտ համարվող Շուշանիկ Մատակյանի նամակը՝ Ավետիք Իսահակյանին. այն Ավիկ Իսահակյանի անգնահատելի նվերն է իր հարազատ քաղաքի թանգարանին: Առիթը գրողի գրական-գեղարվեստական ժառանգությունը ներկայացնող 4 սրահներում նոր ցուցադրության բացումն է, որտեղ գրողի կյանքը, պոեզիան և հասարակական գործունեությունը ներկայացված են նոր տեսանկյունից, մշակված է նոր կոնցեպտ, ներդրված են նորարարական լուծումներ:
Առաջին նգամ թանգարանում ցուցադրվում են նաեւ Արշակ Չոպանյանի, Գարեգին Լևոնյանի, Զապել Եսայանի, Հովհաննես Շիրազի հետ Ավետիք Իսահակյանի ձեռագիր նամակագրությունը։
Ծրագիրն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ՝ «Գյումրու Ավ. Իսահակյանի հուշատուն-թանգարանի ցուցադրության փոփոխություն և կահավորման թարմացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:
Գյումրու քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասադրության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանի փոխանցմամբ, մեծ ուշադրություն է դարձվել թանգարանում միջավայրի եւ ժամանակաշրջանի արտացոլմանը։ Մասնագիտական խմբում աշխատել են նկարիչ-դիզայներներ, համադրողներ, գիտաշխատողներ, գրականագետներ, ստեղծագործական խումբը մշտական կապի մեջ է եղել Վարպետի թոռան՝ Ավիկ Իսահակյանի հետ:
Թանգարանի նոր ցուցասրահում նաեւ աուդիո-վիդեո եզակի նյութեր են, առկա է կենսագրական պատ՝ ժամանակակից լուծումներով, ստեղծված է կրթական ծրագրերի իրականացման համար հարմարավետ միջավայր։
Այստեղ կարելի է գտնել նաեւ բանաստեղծի պոեզիայի թարգմանությունների ձայնագրություններ՝ ընթերցված լեզվակիրների կողմից, ինչպես նաեւ լսել Վարպետի ձայնը։
Նախաձեռնության հեղինակներն ու ծրագիրն իրականացնողները վստահ են՝ նոր ցուցասրահը շեշտակի ավելացնելու է թանգարանի այցելուների թիվը։