01/12/2022 10:29
«Փաստ». Ինչ զարգացումներ են տեղի ունենում արևմտյան հայտնի կառույցների կողմից ֆինանսավորվող հայաստանյան կազմակերպությունների շրջանում
«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում արևմտյան հայտնի կառույցների կողմից ֆինանսավորվող հայաստանյան կազմակերպությունների և քաղաքական ուժերի շրջանում։ Թերթի տեղեկություններով, ՀՀ-ում ակտիվ գործունեություն ծավալող արևմտամետները նոր «ռասկլադ» ունեն՝ ակնհայտ ներքաղաքական ուղղվածությամբ։ Մեր աղբյուրը փոխանցում է, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից իրականացվող հատուկ քաղաքականության տիրույթում հստակ օրակարգ են սահմանել, որ համապատասխան ՀԿ-ների ու, այսպես կոչված, քաղհասարակության սեգմենտի ներկայացուցիչների կողմից կիրառվող «փափուկ ուժի» տակտիկային ավելի ուժեղ ընթացք հաղորդվի։
Մեր տեղեկություններով, այդ դաշտում գործող մի շարք կազմակերպությունների հանձնարարվել է առավել մեծ ուշադրություն դարձնել մարզային ծրագրերին, ավելին՝ նախատեսվում է նոր սոցիալական փաթեթներ ներդնել մարզային համայնքներում, ի դեպ՝ ոչ մարզկենտրոններում։ Նույն աղբյուրը փոխանցում է, որ առաջիկայում տարբեր տիպի «լղոզված» անվանումներ ունեցող համայնքային կենտրոններ են բացվելու, որոնց առաջ խնդիր է դրվելու աշխատել այն համայնքների հետ, որտեղ առավել շատ խոցելի ու սոցիալապես անապահով խմբեր կան։
Զուգահեռ հանձնարարված է էլ ավելի ակտիվ գործունեություն իրականացնել հատկապես սահմանամերձ գոտում, մասնավորաբար ժողովուրդների համերաշխության հետ կապված թեզեր տիրաժավորել։ Այս ամենն իրականացվում է համակեցության օրակարգ ներդնելու նպատակով»։