01/12/2022 10:37
«Հրապարակ». Առաջին դեպքն է, երբ ՔՊ-ական մեծամասնությունն ընդդիմությանն ընդառաջ քայլ է անելու
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի երեկվա նիստը, որի օրակարգում ընդդիմության նախագիծն էր, հետաձգվել է։ Ընդդիմությունը նախաձեռնել է դեկտեմբերի 2-ին խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրել և արձագանքել Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլի մեջլիսի, այս տարվա նոյեմբերի 8-ի հայտարարությանը, որով կոչ էին արել համաձայնել իրենց առաջ քաշած 5 սկզբունքներին։ Թե ինչու է հանձնաժողովի նիստը հետաձգվել, իշխանականներն ընդդիմադիրներին հայտնել են, որ որոշակի առաջարկներ ունեն, որոնք ցանկանում են մինչև հանձնաժողովի նիստը քննարկել, և հնարավոր է` փոփոխություններ մտցնեն ընդդիմության ներկայացրած հայտարարության նախագծի տեքստում։ Հանձնաժողովի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին՝ արտահերթ նիստի օրը։
Իշխանության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ՔՊ-ում հակված են ընդունել համատեղ հայտարարություն և հանձնաժողովի նիստը հետաձգել են, որպեսզի այս ընթացքում որոշ խմբագրումներ անեն ընդդիմության առաջարկած հայտարարության տեքստում։ Արձանագրենք, որ սա, կարելի է ասել, առաջին դեպքն է, երբ ՔՊ-ական մեծամասնությունն ընդդիմությանն ընդառաջ քայլ է անելու»։