01/12/2022 09:54
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթներ է հարուցել ԱԺ մի քանի պատգամավորի նկատմամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթներ է հարուցել Ազգային ժողովի ՔՊ-ական, ինչպես նաև «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորների նկատմամբ՝ «անհամատեղելիության պահանջի առերևույթ խախտման» հիմքով: Տեղեկացանք, որ պատգամավորներն արդեն ստացել են հանձնաժողովի ծանուցումները, որ իրենց դեմ վարույթ կա: Հայաստանի Հանրապետությունում պատգամավորի մանդատի հետ անհամատեղելիության պահանջը, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ:
Ստացվում է, որ հանձնաժողովը պատգամավորների գործունեության մասով խախտում է գտել (նրանք նաև բիզնես գործունեությամբ են զբաղվում), ինչը անհամատեղելի է: Իսկ ովքե՞ր են այն պատգամավորները, որոնց նկատմամբ հանձնաժողովը վարույթ է հարուցել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ վարույթ է հարուցվել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի և ևս մեկ ՔՊ-ական պատգամավորի նկատմամբ, որի վարույթը դեռևս ընթացքի մեջ է, և առաջիկայում կներկայացնենք, թե ով է նա:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գեղամ Նազարյանը հաստատեց, որ ծանուցում ստացել է հանձնաժողովի կողմից՝ իր նկատմամբ հարուցված վարույթի մասով, և նշեց, որ դա թյուրիմացություն է եղել. ինքը կգնա վարույթի մասով նշանակված նիստին և կպարզաբանի ամեն ինչ: Խաչատուր Սուքիասյանի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ ծանուցումը ստացել են, և տեղի ունեցածը իրենց համար թյուրիմացության հետևանք է, ինչով այս պահին զբաղվում են իրավաբանները: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 107 պատգամավորի հայտարարագրերը ուսումնասիրվում են, և չի բացառվում, որ ցանկը այսքանով չավարտվի, այլ պատգամավորների մասով ևս խախտումներ հայտնաբերվեն:
Իսկ ի՞նչ է սպասվում վարույթից հետո. հնարավորություն է ստեղծվում, որ պատգամավորը ներկայացնի իր պարզաբանումը, որից հետո հանձնաժողովը եզրակացություն է կազմում ու հաստատում, որ իսկապես խախտել է համատեղելիության օրենսդրական պահանջը, սահմանադրական պահանջը. դա կնշանակի, որ առնվազն պետք է զրկվի մանդատից, իսկ առավելագույն պարագայում կարող է հարուցվել նաև քրեական գործ»։