01/12/2022 11:33
Երբեմն տպավորություն եմ ստանում, որ մեր մոտ օրենսդրական կարգավորումները ոչ թե օրինականությունը, այլ՝ ապօրինությունը պաշտպանելու համար են, չի կարելի այդպես. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին։
Նպատակը պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված շինությունների՝ այդ թվում՝ ինքնակամ անշարժ գույքի հարկով հարկման ընթացակարգերի կատարելագործումը, ինչպես նաև անավարտ կիսակառույց շինությունները ավարտին հասցնելու համար խթաններ ստեղծելու նպատակով այդ շինությունների մասով հարկային բեռի վերանայումն է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ականատես են լինում դեպքերի, երբ որևէ տեղում շինարարական փոս է ստեղծվում ու «վերջ, մնում է տարիներով»։
«Մենք բոլորս սովորում ենք դրան ու դա, կարծես թե, մեր մոտ դիտվում է նորմալ երևույթ, դե հիմա մարդ է, կսկսի, բայց ոչ մեկ չի արձանագրում, որ դա անհարգալից վերաբերմունք է հանրության նկատմամբ, անհարմարություններ է ստեղծում, խաթարում է միջավայրը», - նշեց նա։
Փաշինյանն ընդգծեց՝ այս նախագծով իրենք ասում են՝ եթե շինթույլտվության ժամկետն ավատվեց, դրանից սկսած՝ այլ կարգի կարգավորումներ են լինելու, պետք է վճարվեն գույքային հարկեր, ու շինթույլտվությունները երկրորդ անգամ երկարացնելու համար պետք է այլ դրույքաչափերով վճարումներ անեն։
«Շինարարությունը սկսվեց, պետք է ավարտվի, չի կարող քաղաքի կենտրոնում կամ ոչ կենտրոնում, մայրուղու վրա ցելոֆաններով կիսաշինարարական աղբի մեջ կորած տարածքները հավերժ մնան, դա պետք է իր հետ բերի ֆինանսական հետևանքներ», - նշեց նա։
Վարչապետը չբացառեց, որ հետագայում ավելի խիստ մեթոդներ կկիրառեն։
Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանն էլ ասաց, թե այս պահին շուրջ 18 հազար ինքնակամ կառույց կա հաշվառված, որի զգալի զանգվածը համայնքային կամ պետական հողերի վրա կառուցված ինքնակամ շինություն են։
«Այդ շինությունները ևս պետք է հարկվեն, բայց դա դեռ չի նշանակում, որ համայնքը պարտավոր է այդ շինությունները օրինականացնել ու հողը վաճառել ինքնակամ կառուցած սուբյեկտներին, սրանք լրիվ տարբեր գործողություններ են, այս օբյեկտները կհարկվեն այնքան ժամանակ, մինչև համայնքի ղեկավաը որոշում կկայացնի՝ կա՛մ օտարել հողը, կա՛մ ապամոնտաժել օբյեկտը», - նշեց Թովմասյանը։
Վարչապետն էլ ընդգծեց՝ եթե որևէ մեկը հասցնի գիշերվա ընթացքում Հանրապետության հրապարակի կենտրոնում «բուդկա» դնել, հետո կարող է տարիներով դատական պրոցեսներ անցնեն, որ «բուդկան» հանեն։
«Ես երբեմն տպավորություն եմ ստանում, որ մեր մոտ օրենսդրական կարգավորումները ոչ թե օրիանկանությունը, այլ՝ ապօրինությունը պաշտպանելու համար են, չի կարելի այդպես», - ասաց Փաշինյանը։